AM
3 Սեպտեմբեր 2025 - 13:47 AMT

ՊԵԿ նախկին նախագահի պաշտպանները կդիմեն ՄԻԵԴ, եթե ներքին ատյաններում կալանքի վերացման հարցը չլուծվի

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը հայտարարել է, որ տասնհինգօրյա ժամկետում պատրաստվում է Վճռաբեկ դատարան բողոքարկել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը։ Վերջինս սեպտեմբերի 1-ին մերժել է Հարությունյանի կալանքի վերաբերյալ բողոքը՝ դատավոր Կարեն Ամիրյանի նախագահությամբ։

Պաշտպան Արմեն Անդրիկյանը նշել է, որ եթե ներպետական դատական ատյաններում հարցը չլուծվի, իրենք կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հայտնում է Aysor.am-ը։

Ըստ փաստաբանի՝ գործը «իրավական ֆարս» է հիշեցնում, քանի որ Հարությունյանը ապօրինի կալանավորվել է դեռևս յոթ տարի առաջ փակված գործի շրջանակում։

Նա ընդգծել է, որ նախկին վարույթում արդեն հերքվել էր Վարդան Հարությունյանի և «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ կապը։

«Այս տարիների ընթացքում տվյալ գործի հետ կապված որևէ նոր փաստ ի հայտ չի եկել։ Թե ինչու է գլխավոր դատախազը որոշել վերաբացել տվյալ գործը, առանց նոր իհայտ եկած հանգամանքի, անհասկանալի է։ Պաշտոնական բացատրությունն այն է, որ նախորդ քննության ժամանակ որոշակի գործողություններ չեն իրականացվել։ Բայց սա ուղղակի աբսուրդ է։ Նման տրամաբանությամբ ցանկացած փակված գործ կարող է տարիներ հետո կամայականորեն վերաբացվել։ Այդ դեպքում ու՞ր են մնում պետության կողմից քաղաքացուն տրված երաշխիքները»,- ասել է Անդրիկյանը։

Վարդան Հարությունյանը 2025 թ․ օգոստոսի 8-ին կալանավորվել է յոթ տարի առաջ քննված և կարճված գործի շրջանակում։ Նրա և ընտանիքի նկատմամբ հետապնդումները, ըստ պաշտպանի, սկսվել են այն բանից հետո, երբ Հարությունյանը հրապարակային աջակցություն է հայտնել գործարար Սամվել Կարապետյանին։