AM
3 Սեպտեմբեր 2025 - 14:09 AMT

Էուլջեքջյանի կինը դիմել է միջազգային հանրությանը և Փաշինյանին` ամուսնու կյանքը վտանգված է

Ադրբեջանում պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, ահազանգել է, որ ամուսինը արդեն 20 օր է հացադուլ է անում Բաքվի բանտում։ Nա պատմել է, որ ամուսնուց զանգ է ստացել և տեղեկացել՝ նրա վիճակը լուրջ է։

Լինդա Էուլջեքջյանը պատմել է, որ երեկ իրեն զարմացրել է ամուսնու զանգը, հայտնում է «Փաստինֆոն»։

Նա դիմել է միջազգային հանրությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ ամուսնու կյանքը վտանգված է, կորցնում է նրան, շտապ բժիշկ է պետք։

«Ես նրա հետ խոսեցի նաև անցյալ ամիս։ Նա արդեն 20 օր հացադուլ է անում։ Իմ ամուսինը փորձում է իր հացադուլի միջոցով դիմել աշխարհին՝ իր և իր բանտարկյալ ընկերների համար։ Ես կորցնում եմ ամուսնուս։ Իմ ամուսնու կյանքը վտանգված է։ Նա ասաց, որ իրեն բժիշկ է պետք, որ անտանելի ցավեր ունի։ Ադրբեջանցիները նրան բժշկական օգնություն չեն տրամադրում։ Ես դիմում եմ ամբողջ աշխարհին, նպատակս մեկն է՝ ուզում եմ, որ ամուսինս առողջ մնա», – նշել է Էուլջեքջյանի կինը։

Նրա խոսքով՝ ամուսնուն վերջին անգամ տեսել է ամիսներ առաջ՝ տեսակապի միջոցով, և այդ ժամանակ էլ նա հիվանդ ու նիհարած էր։

«Պատկերացրեք հիմա՝ հացադուլից հետո ինչ վիճակում կլինի։ Խաղաղության պայմանագրից հետո գերիները պետք է ազատ արձակվեն։ Եթե պատերազմն ավարտվել է, ապա ինչի՞ են սպասում։ … Ուզում եմ դիմել Նիկոլ Փաշինյանին։ Դիմում եմ նրան որպես կին, ով կարիք ունի իր աջակցության։ Մենք կործանված ընտանիք ենք։ Ես խնդրում եմ նրան նայել բոլոր հուսահատ մայրերին։ Իմ խնդրանքը մեկն է բոլոր ղեկավարներից. խնդրում եմ օգնեք ինձ։ Շուտով կկորցնեմ մորս, չեմ ցանկանում ամուսնուս կորցնել։ Ինձ ամուսինս է պետք», – ասել է նա։

Վիգեն Էուլջեքջյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ հրադադարի մասին հայտարարությունից մեկ օր անց, գերեվարվել էր Շուշիի մոտակայքում՝ Մարալ Նաջարյանի հետ։ Նրանք Արցախ էին մեկնել անձնական իրեր վերցնելու համար, սակայն ձերբակալվել էին ադրբեջանցի զինվորականների կողմից և տեղափոխվել Բաքու։

2021-ի մարտին Մարալ Նաջարյանը ազատ է արձակվել, իսկ Վիգեն Էուլջեքջյանին Բաքվի դատարանը նույն տարվա հունիսի 14-ին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։