Մայր Աթոռը դատապարտել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը երկարաձգելու որոշումը և նշել, որ որ «դատարանը, արդարադատություն իրականացնելու փոխարեն, ակնհայտորեն միացել է իշխանությունների հրահրած հակաեկեղեցական արշավին»։
«Սեպտեմբերի 2-ին օրենքի և իրավունքի կոպտագույն ոտնահարմամբ, ևս մեկ անգամ երկարաձգվեց Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը։
Խիստ բացահայտ է, որ դատարանը, արդարադատություն իրականացնելու փոխարեն, ակնհայտորեն միացել է իշխանությունների հրահրած հակաեկեղեցական արշավին՝ ստանձնելով եկեղեցականների և Եկեղեցուն աջակցող անձանց նկատմամբ հաշվեհարդար կիրառելու անպատվաբեր դերակատարություն։
Հարկ է վերջ տալ ապօրինություններին, այդ թվում՝ խտրական մոտեցմանը, և անհապաղ ազատ արձակել ինչպես Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, այնպես և կեղծ մեղադրանքներով կալանավորված անձանց»,–ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը՝ Փաշինյանն ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։ Ավելի ուշ նա հորդորել է պատրաստվել «Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։
Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Մայր Աթոռում իր պատկերացրած փոփոխությունների սցենարը՝ «ազատել Վեհարանը» կաթողիկոսից, որևէ ամունացյալ բարեվարք քահանա նշանակել Կաթողիկոսական տեղապահ, ով չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին։ Որպես հաջորդ քայլ, ըստ նրա, կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենում, քանի դեռ «Կանոնագիրք հայոցի» հիման վրա չի հաստատվում ՀԱԵ Կանոնագիրք։






