Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որը վերաբերում է Հայոց ցեղասպանության և այլ միջազգային ճանաչում ստացած ցեղասպանությունների հերքման ու նսեմացման համար նախատեսվող պատժամիջոցներին։
Նրա խոսքով՝ գործող օրենսդրությամբ ցեղասպանության հերքումը քրեականացվում է միայն այն դեպքում, երբ արարքը ուղղված է ռասայական կամ ազգային պատկանելիության հիմքով ատելություն կամ բռնություն հրահրելու նպատակով, հայտնում է Արմենպրեսը։
«Գոյություն ունեն բազմաթիվ դեպքեր, երբ անձինք, հերքելով ցեղասպանության փաստը, ըստ էության՝ անուղղակի կերպով փորձում են նսեմացնել այդ հանցավոր արարքը կամ զոհին մեղավոր ներկայացնել հանցագործի փոխարեն։ Սակայն գործող կարգավորումները, ցավոք, չեն ապահովում այդպիսի մարդկանց պատասխանատվության ենթարկելը»,– ընդգծել է Մինասյանը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի անկախության հռչակագրում ամրագրված է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն աջակցելու հանձնառությունը, և այս փոփոխությունները բխում են ազգային ինքնության և պետականության պաշտպանության շահերից։
Նախագծով սահմանվում է, որ Հայոց ցեղասպանության կամ նմանատիպ հանցագործությունների հերքումը, մեղմացումը, հավանություն տալը կամ արդարացնելը կպատժվի․
- տուգանքով,
- հանրային աշխատանքներով,
- կամ ազատազրկմամբ մինչև 4 տարի ժամկետով։
Եթե այդ գործողությունները ուղեկցվեն ռասայական, ազգային կամ կրոնական պատկանելիության հիմքով ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով, պատիժը կլինի 4-8 տարվա ազատազրկում։
Ավելին, եթե դրանք իրականացվեն զանգվածային լրատվության միջոցով, տեղեկատվական տեխնոլոգիաներով կամ ծառայողական լիազորությունների չարաշահման եղանակով, կկիրառվի առավել խիստ պատիժ՝ 10-15 տարվա ազատազրկում և մինչև 5 տարի որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում։






