AM
3 Սեպտեմբեր 2025 - 14:41 AMT

Արցախահայության ներկայացուցիչներ. Ալիևն ու Փաշինյանը չեն կարող Արցախի ժողովրդի կամքին հակառակ լուծարել ՄԽ–ն

Արցախի 150 հազար տեղահանված հայ բնակչության անունից ներկայացուցիչներն ու կազմակերպությունները դիմել են ԵԱՀԿ անդամ երկրների ղեկավարներին՝ հայտարարելով, որ Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը իրավասու չեն իրենց կամքին հակառակ դիմել կառույցին՝ լուծարելու Մինսկի խումբը, հայտնում է Aysor.am-ը։

Դիմումում հիշեցվում է, որ Մինսկի խմբի մանդատը ձևավորվել է դեռ 1992-ին՝ առանց Հայաստանի կամ Ադրբեջանի իշխանությունների պաշտոնական դիմումների։ Այն տասնամյակներ շարունակ ապահովել է միջնորդական ձևաչափ, որը թույլ է տվել Արցախում պահպանել հարաբերական խաղաղություն։

Նշվում է, որ Ադրբեջանի ռազմական գործողությունները 2020 թ․ և 2023 թ․ ցույց տվեցին ուժի կիրառմամբ Արցախի ինքնորոշման իրավունքի ճնշումը, որն ուղեկցվել է ցեղասպանական քաղաքականությամբ, շրջափակմամբ և հայաթափմամբ։

«Իլհամ Ալիևը և ՀՀ Սահմանադրության դրույթները խախտած Նիկոլ Փաշինյանը չեն կարող արտահայտել Արցախի բնակչության կամքը և պաշտպանել նրանց օրինական իրավունքները»,– ասված է դիմումում։

Արցախահայության ներկայացուցիչները պահանջում են վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը՝ երեք հիմնական նպատակով․

ա) ապահովել Արցախի հայերի միջազգային երաշխիքներով անվտանգ վերադարձը հայրենի հող,

բ) վերադարձնել գերիներին ու պատանդներին, ստեղծել անհետ կորածների վերաբերյալ միջազգային կենտրոն,

գ) վերականգնել Արցախի հայության ինքնորոշման իրացված իրավունքը։

Դիմողները ԵԱՀԿ ղեկավարներին հորդորել են ուսումնասիրել խնդիրը և ըստ կանոնակարգի քննարկել այն գագաթնաժողովում՝ հաշվի առնելով միջազգային իրավունքի սկզբունքները։

Սեպտեմբերի 1–ին հայտարարվել է Մինսկի խմբի և հարակից կառույցների լուծարման մասին, որի համար համատեղ դիմել էին ՀՀ–ն ու Ադրբեջանը։ Գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև դեկտեմբեր։