AM
3 Սեպտեմբեր 2025 - 14:45 AMT

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է ԱԺ նախագահին

2020 թ. սեպտեմբերի 27–ին Ադրբեջանի սանձազերծած 44–օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է Ազգային Ժողովի նախագահին։ Այս մասին հայտնել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։

«Համաձայն Հայաստանի Հանրապետության «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 25–րդ հոդվածի` Ազգային Ժողովի նախագահին ուղարկվեց 2020 թվականի սեպտեմբերի 27–ին սանձազերծված 44–օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը»,– ասված է հաղորդագրության մեջ:

2025–ի ապրիլին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ զեկույցը կհրապարակվի սեպտեմբերի 27–ին հաջորդող խորհրդարանական նստաշրջանի առաջին կամ երկրորդ օրը։

44-օրյա պատերազմի պատճառներն ու հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին: