AM
3 Սեպտեմբեր 2025 - 14:50 AMT

ՇՄ նախարար․ Բնապահպանական ծառայություններն այժմ հասանելի են առցանց

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի բնապահպանական օրակարգի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար և ընդգծել Նիդերլանդների փորձի կարևորությունը։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ բնապահպանական պետական ծառայություններն այժմ ամբողջությամբ հասանելի են առցանց, ինչը էական քայլ է բնապահպանական կառավարման արդիականացման ուղղությամբ։

Քննարկվել են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, կլիմայական մարտահրավերների պայմաններում նորարարական լուծումների ներդրումը, ինչպես նաև թափոնների տեսակավորման ու վերամշակման խնդիրները։ Այս համատեքստում Մաթևոսյանը ներկայացրել է արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգը, որը շուտով ներդրվելու է Հայաստանում։

Մաթևոսյանը ներկայացրել է նաև օրենսդրական վերջին բարեփոխումները, որոնք միտված են բնապահպանական քաղաքականությունը համահունչ դարձնել միջազգային չափանիշներին։

Հանդիպման ավարտին կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովին՝ դիտարկելով համագործակցության նոր հնարավորություններ միջազգային գործընկերների հետ։

Հայաստանը COP17 համաժողովը կհյուրընկալի 2026 թվականին։ Ընտրությունը կատարել են Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող COP16-ի մասնակից երկրները։ Միջոցառումը նվիրված է բնապահպանական խնդիրների քննարկմանը, կլիմայի փոփոխությունը դադարեցնելու և կենսաբազմազանությունը պաշտպանելու համար համաձայնեցված լուծումներ գտնելուն: