Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտնել է, որ Հայաստանը որևէ գործողություն չի իրականացնի, որը կարող է վնասել Իրանի շահերին։ Այս հայտարարությունն արվել է նրա՝ «Isca News»-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով այն ճանապարհային նախագծի հարցը, որը նախատեսվում է կառուցել Հայաստանի տարածքով՝ Ադրբեջանն ու Նախիջևանը կապելու համար։
Դեսպանի փոխանցմամբ, Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրերում ընդգրկված է հինգ հիմնարար սկզբունք՝ ազգային ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն, փոխադարձություն և սահմանների անխախտելիություն։ Նա ընդգծել է, որ այս արժեքները համահունչ են նաև Իրանի դիրքորոշման հետ, ուստի անհանգստանալու պատճառ նա չի տեսնում, հայտնում է Sputnik Արմենիան։
«Հայաստանը չի ձեռնարկի որևէ քայլ, որը կհակասի Իրանի շահերին և երկու երկրների հարաբերություններին», – ասել է Սոբհանին։
Նա նաև նշել է, որ թե՛ խաղաղության համաձայնագրի նախագծում, թե՛ Վաշինգտոնում ստորագրված հայտարարության մեջ «միջանցք» եզրույթը բացակայում է։ Դրա փոխարեն, ըստ Սոբհանիի, խոսքը միայն տրանսպորտային հաղորդուղիների գործարկման մասին է, որոնք թույլ կտան Ադրբեջանին կապվել Նախիջևանի հետ, իսկ Հայաստանը երկաթուղով կմիանա Իրանի Ջուլֆա քաղաքին։
Իրանի դեսպանը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի հետ Հայաստանի ձեռք բերած պայմանավորվածությունների հիման վրա նախատեսվում է համատեղ հայ-ամերիկյան ձեռնարկություն գրանցել, ինչպես նաև ներդրող և օպերատոր նշանակել։ Սոբհանին ընդգծել է, որ այդ գործընթացը ամբողջությամբ իրականացվելու է ՀՀ-ի ինքնիշխանության և իրավազորության շրջանակում։ Նա հավելել է, որ նշված ճանապարհը գործելու է Հայաստանի անվտանգության և մաքսային ծառայությունների վերահսկողության ներքո։
«Ըստ համաձայնագրի` դա կլինի օպերատորի գործառույթ, այլ ոչ թե երթուղու սեփականության»,- ասել է Սոբհանին։
Դիվանագետը նաև հիշեցրել է, որ Իրանի նախագահի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ Երևանի իշխանությունները վստահեցրել են, որ Իրանի հետ համատեղ սահմանը ռազմավարական նշանակություն ունի իրենց համար և որևէ վտանգ չի սպառնում այդ հատվածին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Սյունիքի մարզով կառուցել ռազմավարական նշանակության տարանցիկ ճանապարհ՝ «Թրամփի ուղի» (TRIPP) անվանմամբ, որը կծառայի որպես առևտրային կապ Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն այդ ճանապարհը վարձակալելու է 99 տարով՝ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն իրենց հերթին նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը՝ ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ։






