AM
4 Սեպտեմբեր 2025 - 07:04 AMT

Ստեփանյան․ Շվեյցարիան պատրաստ է ներգրավվել գերիների հարցում, բայց ՀՀ կառավարությունը պետք է դիմի

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարել է, որ Շվեյցարիայի ԱԳՆ-ն պատրաստ է գերիների հարցով իր գործիքակազմերը կիրառել, բայց անհրաժեշտ է ՀՀ կառավարության դիմումը, հայտնում է «Փաստինֆոն»։

Նա նշել է, որ իր ունեցած տվյալներով՝ պաշտոնական Երևանը դեռ նման դիմում չի ներկայացրել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցրել է իր պատվիրակության գործունեությունը այդ երկրում։ Ի պատասխան՝ Արցախի Ազգային ժողովը դիմել էր Շվեյցարիայի կառավարությանը՝ խնդրելով ներգրավվել գերիների իրավունքների պաշտպանությանը, եթե Կարմիր խաչը այլևս չկարողանա իրականացնել այդ գործառույթը։

Ստեփանյանն ընդգծել է, որ քանի որ հարցը վերաբերում է Հայաստանի քաղաքացիներին, ապա միջամտության համար անհրաժեշտ է ՀՀ կառավարության պաշտոնական դիմում։

«ՀՀ կառավարությունը պետք է ասի՝ իմ քաղաքացիների իրավունքները այն երկրում, որտեղ ես չունեմ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացվածություն, խախտում են, հետևապես, խնդրում եմ միջնորդեք կամ միջամտեք։ Այսինքն, սա անհատական մակարդակում լուծելի խնդիր չէ»,–նշել է նա։

Հարցին՝ արդյոք կան տեղեկություններ, թե կառավարությունը մտադիր է ներկայացնել այդ դիմումը, նա պատասխանել է. «Քանի որ խոսքը վերաբերում է գերիներին, իսկ Հայաստանի կառավարությունում վստահեցնում են, որ ինտենսիվ աշխատում են այդ ուղղությամբ՝ հետևաբար ակնկալիքն այն է, որ սա հումանիտար հարց է, ոչ թե քաղաքական, հետևապես նման դիմում կներկայացվի։ Իշխանություններն ասում են՝ ինտենսիվ աշխատում են այդ ուղղությամբ, բայց արդյոք իրոք աշխատում են, թե ոչ, այլ հարց է»։

Ստեփանյանը հավելել է, որ գերիներն այս պահին դեռ հնարավորություն ունեն կապ հաստատել իրենց ընտանիքների հետ հեռախոսակապով, սակայն փաթեթներ ուղարկելու հնարավորությունը վերացել է՝ Կարմիր խաչի գործառույթների դադարեցման պատճառով։

«Քանի Կարմիր խաչը չկա, այդ հնարավորությունը վերացել է։ Խոսակցություն կար, որ թեև Կարմիր խաչը դուրս է գալիս, բայց հասանելիություն Կարմիր խաչի միջոցով, օրինակ, Թբիլիսիի կամ Ժնևի միջոցով հնարավոր է լինի, բայց հստակություն այդ մասով դեռ չկա»,–ասել է Ստեփանյանը։

Ադրբեջանի կառավարության որոշմամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն` ԿԽՄԿ–ն 2025 թ․ սեպտեմբերի 3-ից դադարեցրել է իր պատվիրակության գործունեությունն Ադրբեջանում։ Հայտարարվել է, որ որ «Ադրբեջանի իշխանություններն են ապահովելու պահվող անձանց ու նրանց ընտանիքների միջև կապը»։