Factor TV-ն փորձել է պարզել՝ արդյոք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների հետ երբևէ քննարկել է ռազմական հեղաշրջման թեմա։
Սերժ Սարգսյանն ասել է, որ 2018–ից հետո Աջապահյանի հետ չի հանդիպել, Ռոբերտ Քոչարյանը չի պատասխանել հարցերին, հայտնում է Factor.am-ը։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 2024 թվականին Gala TV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ նմանատիպ խոսակցություն ունեցել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ։ Դատախազությունը գնահատել է այս հայտարարությունը որպես կոչ՝ իշխանության զավթման ուղղությամբ։
«Քանի անգամ ասացի բացեիբաց՝ ռազմական հեղաշրջում ա պետք, պատերազմի օրերին ասացի, և նախագահներին ասացի՝ Քոչարյանին և Սերժին: Ասացի՝ լավ, Դո՛ւք, պարոն նախագահ Քոչարյան, տասը տարի նախագահ եք եղել, դրանից առաջ մի տարի-երկու տարի էլ վարչապետ, չէ՞, էդքան տարի էլ Ղարաբաղի նախագահ, Դուք Ձեր կողմնակից, գաղափարակից ոչ մի գեներալ չունե՞ք, ո՛չ բանակում, ո՛չ ոստիկանությունում, ո՛չ ազգային անվտանգությունում, որ գան Ձեր կողքը կանգնեն և հեղաշրջում իրականացնեն։ Եթե իրենցով է։ Սե՛րժ, դու ավելի՝ տասը տարի նախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության նախարար, ազգային անվտանգության քարտուղար, էլ պաշտոն կա՞, որ չես տարել, հա, Շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Դու ոչ մի գեներալ քեզ նվիրված չունե՞ս, ո՛չ ոստիկանությունում, ո՛չ ազգային անվտանգությունում, ո՛չ բանակում, որ հելել ես փողոց պատիվ ունեմ-մատիվ ունեմ»,- հարցազրույցում ասել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Սեպտեմբերի 2-ին, Հակակոռուպցիոն դատարանում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գործերով դատական նիստերի ընթացքում Factor TV-ն նախագահներից փորձել է պարզել՝ արդյոք նրանք նման առաջարկ ստացել են սրբազանից։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ Աջապահյանի հետ այդպիսի զրույց չի ունեցել։ Այն հստակեցնող հարցին, թե արդյոք նա երբևէ ստացել է ռազմական հեղաշրջման առաջարկ կամ կոչ սրբազանից, Սարգսյանն արձագանքել է նույն կերպ։ Նա նաև նշել է, որ 2018 թվականից ի վեր Միքայել արքեպիսկոպոսի հետ որևէ հանդիպում չի ունեցել։
«Ո՛չ, նման խոսակցություն չի եղել»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախընտրել է առհասարակ չպատասխանել։ Նա նշել է, որ հետագայում ասուլիս կհրավիրի ու կպատասխանի լրագրողների հարցերին։ Այն դիտարկմանը, թե մինչ այդ կարող է արդեն իսկ կայացված լինել որոշում սրբազանի վերաբերյալ, Քոչարյանն արձագանքել է, որ որևէ հարցի դեռ չի արձագանքելու և կխոսի միայն ասուլիսի ընթացքում։
Մայր Աթոռը դատապարտել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը երկարաձգելու որոշումը և նշել, որ որ «դատարանը, արդարադատություն իրականացնելու փոխարեն, ակնհայտորեն միացել է իշխանությունների հրահրած հակաեկեղեցական արշավին»։
«Սեպտեմբերի 2-ին օրենքի և իրավունքի կոպտագույն ոտնահարմամբ, ևս մեկ անգամ երկարաձգվեց Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը»,–ասվում է հայտարարության մեջ։






