AM
4 Սեպտեմբեր 2025 - 07:38 AMT

ԱԺ հանձնաժողովը մերժել է Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման առաջարկը

ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մերժել է «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ներկայացրած օրինագիծը, որով առաջարկվում էր խստացնել Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ պատասխանատվության դրույթները Քրեական օրենսգրքում։

Մասնավորապես, ՀՀ 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածն առաջարկվում է շարադրել հետեւյալ խմբագրմամբ. «Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից կամ միջազգայնորեն ճանաչված ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, մեղմացնելը, հավանության տալը, արդարացնելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»:

«Առաջարկվող փոփոխության տրամաբանությունն այն է, որ մենք պարտավոր ենք իրավունքներն առնվազն մեր օրենսդրության շրջանակում ավելի պաշտպանված դարձնել»,- ասել է հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանը:

Նա նշել է, որ բազմաթիվ են դեպքերը, երբ անձինք պարզապես հերքում են Հայոց ցեղասպանության փաստը:

«Ոչ ոք Հայոց ցեղասպանությունը ՀՀ-ում չի հերքել, չի հերքում եւ չի էլ հերքելու: Հայոց ցեղասպանությունը մեզանից յուրաքանչյուրի կոլեկտիվ հիշողության մասն է»,- ասել է հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Նա նշել է, որ ՀՀ-ում չկա Հայոց ցեղասպանության հերքման որևիցե վտանգ եւ չի լինելու: Ընդգծելով, որ նախագիծը վերաբերում է մի հանցակազմի, որն արդեն իսկ ավելի լայն շրջանակով քրեականացված է, Վլադիմիր Վարդանյանն առաջարկել է հավանություն չտալ օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի նախագիծը ստացել է բացասական եզրակացություն: