Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ մեղադրվող 1999-2020 թվականների ընթացքում ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի քրգործի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 40 մլն ՀՀ դրամ գրավն ու ՀՀ-ից բացակայելու արգելքը:
Նրան մեղադրանք է ներկայացվել՝ «առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, ինչպես նաև հայտարարագրման ենթական տվյալները թաքցնելու համար»՝ համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի և ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի (5 դրվագ)։
Նշվում է, որ Բաղմանյանը, օրենքով նախատեսված արգելքին հակառակ, իր մտերիմի՝ առևտրային կազմակերպության տնօրենի օժանդակությամբ մասնակցել է ընկերության կառավարմանը՝ դրանում փաստացի ունենալով 25 տոկոս բաժնեմաս, որը ձևակերպված է եղել կնոջ անվամբ»:
Քննությամբ պարզվել է, որ նշված առևտրային կազմակերպությունը, 2011-2018 թվականներին, ստացել է մեկ միլիարդ դրամից ավելի շահույթ, որի Հ. Բ.-ին փաստացի պատկանող 25 տոկոսը կազմել է մոտ 251 միլիոն դրամ։ Բացի այդ, առանձին դեպքերում կազմակերպության արտասահմանյան գործընկեր՝ Շվեդիայում գրանցված ընկերությունը, մատակարարման դիմաց փոխանցումները կատարել է անմիջապես Հ. Բ.-ի անձնական հաշվեհամարին:
Նշվում է, որ հետագայում նա, նպատակ ունենալով թաքցնել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ձեռք բերված գումարների հանցավոր աղբյուրը, իրականացրել է դրանց օրինականացում մի շարք բանկային փոխանցումների, փոխարկումների, գույք ձեռք բերելու և սեփական հայեցողությամբ տնօրինելու եղանակներով։
Ըստ հաղորդագրության, նա անշարժ գույք է ներդրել հիշյալ ընկերության կանոնադրական կապիտալում, իսկ այնուհետև դրանք վաճառել է երրորդ ընկերության՝ ստանալով 919 միլիոն 600 հազար դրամ, այդ կերպ օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտը։
Բացի այդ, նախաքննության արդյունքում հաստատվել է, որ Հ. Բ.-ն, որպես հայտարարատու պաշտոնյա, «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի, ապա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրերում թաքցրել է գույքերի և եկամուտների վերաբերյալ տվյալները, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի և եկամուտների չհայտարարագրմանը»:
Ըստ նախաքննական մարմնի, նա չի ներկայացրել տվյալներ 102 միլիոն դրամ արժողությամբ «MERCEDES-BENZ S500» մակնիշի ավտոմեքենայի, ինչպես նաև տարբեր տարիների ընթացքում ստացված եկամուտների մասին։
Հ. Բ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ «առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, ինչպես նաև հայտարարագրման ենթական տվյալները թաքցնելու համար»՝ համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի և ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի (5 դրվագ)։
Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»:






