AM
4 Սեպտեմբեր 2025 - 09:44 AMT

ՆԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր ձերբակալությունը

ՀՀ ներքին գործերի նախարարությունը մեկնաբանել է ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր՝ Մկրտիչ Մկրտչյանի ձերբակալության մասին շրջանառվող լուրերը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նախարարությունից ասել են, որ սեպտեմբերի 3-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Երևանյան փողոցում Պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են մի մեքենա՝ ստուգման նպատակով, վարորդը ձերբակալվել է։

Ըստ ՆԳՆ-ի՝ «ուղևորը դուրս է եկել մեքենայից և դիմել փախուստի՝ ճանապարհին նետելով իր մոտ եղած իրերը՝ ատրճանակ և փոշենման զանգված։ Մեքենայի վարորդը նույն պահին ձերբակալվել է և տեղափոխվել համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ արգելված որևէ իր չի հայտնաբերվել»։

Կառույցից նաև հայտնել են, որ փախուստի դիմած ուղևորին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։

Ավելի վաղ լրատվամիջոցներում տարածվել էին տեղեկություններ, թե ձերբակալվել է Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը։ ԶԼՄ-ների մի շարք հրապարակումներում նշվել էր, որ նրան ոստիկանները բերման են ենթարկել թմրանյութ և ապօրինի զենք պահելու կասկածանքով։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակվել օգոստոսի 27–ին։