ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել փոխել այն ընկերությունը, որը կներկայացնի Հայաստանի շահերը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատերերի կողմից հարուցված գործով։
Սեպտեմբերի 4-ի նիստում հաստատված որոշմամբ «Arnold & Porter» ընկերությունը փոխարինվել է «Foley Hoag LLP»-ով, հայտնում է Sputnik Արմենիան։
Ըստ հիմնավորման՝ «Կառավարության որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է օգոստոսի 21-ի որոշման կայացումից հետո երևան եկած նոր հանգամանքներով, որոնք, բացահայտված շահերի բախման համատեքստում, խոչընդոտ են հանդիսանում սույն արբիտրաժային գործով Arnold & Porter ընկերության հետ համագործակցության համար՝ ելնելով ինչպես պետական անվտանգային, այնպես էլ ՀՀ մասնակցությամբ ընթացիկ այլ միջազգային իրավական վարույթների շրջանակում ՀՀ շահերի պաշտպանության ապահովման անհրաժեշտությունից»։
Կառավարությունը շեշտել է, որ «Foley Hoag LLP»-ի առաջարկը որակապես չի զիջում նախընտրած այլընտրանքին, իսկ ընկերությունն արդեն ներգրավված է Հայաստանի մասնակցությամբ մի շարք միջազգային գործընթացներում։
«Բացի այդ, ստեղծված իրավիճակում «Folеy Hoag LLP» ընկերությունը համաձայնել է ծառայությունները մատուցել նույն արժեքով, ինչ «Arnold & Porter»–ը։ Նախորդ անգամ «Folеy Hoag LLP»–ը չէր ընտրվել, քանի որ առավել բարձր գնառաջարկ էր ներկայացրել»,– ընդգծել են գործադիրից։
Նոր որոշման գործողությունը տարածվելու է նաև 2025 թվականի օգոստոսի 25-ից հետո ծագած հարաբերությունների վրա, որպեսզի ապահովվի ընկերության ծառայությունների վճարումը նաև մինչև պայմանագրի ստորագրումը մատուցված աշխատանքների համար։
«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը և նրա ընտանիքը 2025 թվականի օգոստոսի 11-ին սկսել են միջազգային արբիտրաժային վարույթ Հայաստանի դեմ՝ ՀԷՑ-ի սեփականազրկման գործով։ Գործը սկիզբ է առել դեռևս 2024 թվականի հունիսի 30-ին, երբ «Liormand Holdings Limited» ընկերությունը Հայաստանի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին տեղեկացրել է ներդրումային վեճի մասին։ Դրան հաջորդել են արտակարգ արբիտրաժային գործընթացներ, ինչի արդյունքում հուլիսի 22-ին ստացված որոշումից հետո Հայաստանը ձեռնամուխ է եղել իր շահերը պաշտպանելու համար միջազգային իրավախորհրդատուի ներգրավմանը։






