Սեռական առողջության օրն է։Սեռավարակների տեսանկյունից վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել է դեպքերի աճ, հայտնում է ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» վերլուծական կենտրոնը։
Պաշտոնական տվյալներով՝ 1988 թվականից մինչև 2025-ի մարտի 31-ն արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 6287 դեպք, որոնցից 70 տոկոսը՝ տղամարդկանց, իսկ 30 տոկոսը՝ կանանց շրջանում։ Նույն ժամանակահատվածում եղել է ՁԻԱՀ-ի 2829 դեպք և 1392 մահ։ ՄԻԱՎ-ը արձանագրվել է նաև 0-14 տարեկան 90 երեխաների մոտ, այդ թվում՝ 47 ՁԻԱՀ-ի և 12 մահվան դեպք։
2023 թվականին արձանագրվել է առաջին անգամ հաստատված սուր և քրոնիկ սիֆիլիսի 710 դեպք (24/100000), որը 1.2 անգամ գերազանցել է 2022 թվականի 604 դեպքերը (20.3/100000), և 1.6 անգամ՝ 2021-ի 493 դեպքերը (14.8/100000): Վերլուծելով տարիքային խմբերի տվյալները՝ պարզվել է, որ բարձր հիվանդացություն կա 18-24 տարեկանների (67.3/100000) և 25-49 տարեկանների (33.1/100000) մոտ։ Դեպքերի 2.2 տոկոսը բաժին է ընկել մինչև 18 տարեկաններին։ Ընդհանուր հիվանդացության 68 տոկոսը արձանագրվել է տղամարդկանց, իսկ 32 տոկոսը՝ կանանց շրջանում։
Նշվում է, որ սեռական առողջության մարտահրավերները միայն տեղական բնույթ չեն կրում։ Հարավային Կովկասում առկա են ինչպես համընդհանուր, այնպես էլ տարածաշրջանային յուրահատկություններ ունեցող խնդիրներ։
Չնայած քլամիդիոզի տարածման տեմպի դանդաղմանը՝ այն շարունակում է մնալ Եվրոպայի տարածքում առավել հաճախ գրանցվող բակտերիալ սեռավարակը։ Միայն 2023-ին ԵՄ անդամ երկրներում արձանագրվել է ավելի քան 230,000 դեպք, ինչը 2014-ի համեմատ ավելացել է 13 տոկոսով։ Վարակը հատկապես տարածված է երիտասարդ կանանց, առավելապես՝ 20-24 տարեկանների շրջանում։
Բացի վարակների աճից, լուրջ մտահոգություն է առաջացրել նաև գոնորեայի հարուցիչի՝ Neisseria gonorrhoeae-ի նկատմամբ հակաբիոտիկների արդյունավետության նվազումը՝ պայմանավորված դեղակայուն շտամների տարածմամբ։ Սա խիստ կարևորվում է կանխարգելման ռազմավարությունների և հակամանրէային միջոցների հաշվարկված օգտագործման տեսանկյունից։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սեռավարակների աճը սերտորեն կապված է սեռական վարքագծի փոփոխության հետ՝ հատկապես ռիսկային գործողությունների ակտիվացմամբ։
Հարավային Կովկասում բարձր է արհեստական աբորտների մակարդակը։ 1999-ի տվյալներով՝ Հայաստանի կանանց մոտ կյանքի ընթացքում աբորտների միջին թիվը կազմել է 2.6, Վրաստանում՝ 3.7, Ադրբեջանում՝ 3.2։ Սակայն 2005-2016 թվականների տվյալները վկայում են անկման մասին․ Հայաստանում այս թիվը նվազել է մինչև 0.6, Վրաստանում՝ 1.6, Ադրբեջանում՝ 2.3։ Հայաստանն արձանագրել է ամենամեծ՝ 4.6 անգամ նվազում։
Սեռական առողջության զարգացման կարևոր բաղադրիչներից է կրթական համակարգի, իրավական դաշտի և հասարակական ընկալումների համաժամացումը։
«Սեռական դաստիարակությունը պետք է սկսվի փոքր տարիքից՝ համապատասխանեցված երեխայի զարգացման փուլին։ Դա չի նշանակում վաղ սեքսուալիզացիա, այլ նպատակ ունի ապահովելու երեխայի առողջ ու գիտակից զարգացումը։
Մանկապարտեզի տարիքում (3–5 տարեկան)
- Սովորեցնել երեխային ճանաչել իր մարմինը և օրգանները կոչել իրենց իրական անուններով։
- Ձևավորել անձնական տարածքի ու «մարմինն իմն է» գաղափարը։
- Սովորեցնել տարբերակել «լավ» ու «վատ» շփումները։
Տարրական դպրոցում (6–9 տարեկան)
- Հաստատել գիտելիքներ մարմնի փոփոխությունների վերաբերյալ։
- Քննարկել ընկերություն, հարգանք, զգացմունքներ։
- Ուսուցանել, թե ինչ անել, երբ անձնական սահմանները խախտվում են։
Դպրոցական միջին տարիքում (10–12 տարեկան)
- Սկսել քննարկել պուբերտատի ընթացքում ի հայտ եկող փոփոխությունները։
- Ներկայացնել վերարտադրողական համակարգի հիգիենայի հիմունքները։
- Խոսել ինտերնետային անվտանգ օգտման կանոնների մասին։
Դեռահասների շրջանում (13–15 տարեկան)
- Քննարկել սեռական հարաբերությունների պատասխանատվությունը, հակաբեղմնավորումը և վարակների կանխարգելումը։
- Ընդգծել հարգանքի, փոխադարձ համաձայնության և առողջ փոխհարաբերությունների անհրաժեշտությունը։
- Ավագ դպրոցում (16+ տարեկան)
Բաց քննարկել սեռական կյանքին, սիրային կապերին, հղիության կանխարգելմանը և վերարտադրողական իրավունքներին առնչվող հարցերը։
Խոսել սեռական ու գենդերային հավասարության և բռնության կանխարգելման կարևորության մասին։
Տրամադրել տեղեկատվություն՝ թե որտեղից կարելի է ստանալ հուսալի բժշկական խորհրդատվություն։
Արդյունավետ սեռական դաստիարակությունը պահանջում է համագործակցություն ընտանիքի, դպրոցի, առողջապահական համակարգի և ՀԿ-ների միջև։ Այնուամենայնիվ, երեխայի առաջին ուսուցիչները ծնողներն են, ովքեր պետք է ձևավորեն վստահելի միջավայր՝ ապահովելով հարցերի և պատասխանների ազատ շրջանառություն։
Հիմնական դերերը բաժանվում են հետևյալ կերպ՝
- Ծնողը՝ ձևավորում է արժեքային ընկալումները։
- Դպրոցը՝ փոխանցում է գիտելիք և անհրաժեշտ հմտություններ։
- Բժիշկը՝ ապահովում է մասնագիտական խորհրդատվություն և բուժօգնություն։
Եթե այս կարևոր թեմաները շրջանցվում են ծնողների կամ ուսուցիչների կողմից, երեխաները փորձում են տեղեկատվություն ստանալ այլընտրանքային աղբյուրներից՝ հաճախ ոչ հավաստի կամ վտանգավոր ձևով։ Լավագույն մոտեցումը վաղ մեկնարկն է՝ տարիքային հստակ փուլերով թեմաների աստիճանական խորացմամբ»,–ասվում է հրապարակման մեջ։






