Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդես է եկել պարզաբանմամբ՝ անդրադառնալով ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր՝ Մկրտիչ Մկրտչյանի ձերբակալության դեպքին։
«Ձերբակալվածների ճակատագրի որոշումը հարուցված վարույթի պայմաններում այլևս ՆԳՆ տիրույթում չի գտնվում։ Ըստ այդմ, ՔԿ-ն կհասկանա հետագա ընթացքը»,- ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն։
Նախարարը, անդրադառնալով կոնկրետ միջադեպին, ասել է, որ «նախաքննությունը կտա հարցի պատասխանը՝ Նարեկ Մկրտչյանի եղբա՞յրն է ընկերոջը փոխանցել պայուսակը, թե ընկերոջինն է դա եղել»։
«Վարորդը եղել է մեր գործընկեր Նարեկ Մկրտչյանի եղբայրը, նրա մոտ չի հայտնաբերվել ոչինչ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղևորը փախուստի է դիմել և նետել իրեր, և հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված և ատրճանակ, տրամաբանական է՝ այդ իրավիճակում պարեկային ծառայությունը պետք է իրականացներ ձերբակալություն:
Պարեկային ծառայությունը ձերբակալել է, բերման ենթարկել բաժին, նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել, իսկ մյուս անձի որոնողական աշխատանքների մասով իրականացվում են համապատասխան պրոցեսներ։ Այժմ իրականացվում է նախաքննություն, և այն կտա հարցի պատասխանը՝ Նարեկ Մկրտչյանի եղբա՞յրն է ընկերոջը փոխանցել պայուսակը, թե՞ ընկերոջինն է դա եղել»,–ասել է նախարարը։
Սեպտեմբերի 3-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Երևանյան փողոցում Պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են մի մեքենա՝ ստուգման նպատակով, վարորդը ձերբակալվել է։
Ըստ ՆԳՆ-ի՝ «ուղևորը դուրս է եկել մեքենայից և դիմել փախուստի՝ ճանապարհին նետելով իր մոտ եղած իրերը՝ ատրճանակ և փոշենման զանգված։ Մեքենայի վարորդը նույն պահին ձերբակալվել է և տեղափոխվել համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ արգելված որևէ իր չի հայտնաբերվել»։
Ավելի վաղ լրատվամիջոցներում տարածվել էին տեղեկություններ, թե ձերբակալվել է Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը։ ԶԼՄ-ների մի շարք հրապարակումներում նշվել էր, որ նրան ոստիկանները բերման են ենթարկել թմրանյութ և ապօրինի զենք պահելու կասկածանքով։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակվել օգոստոսի 27–ին։






