Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը քննարկել են հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարները։
Հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք կարևորել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ կառավարությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերը։
Այս համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավոր ուղիների մասին։
Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի երթուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։






