AM
4 Սեպտեմբեր 2025 - 14:08 AMT

Գարեգին Բ․ Արցախում ավերվում են մեր սրբավայրերը, Բաքվում ապօրինաբար պահվում են հայ գերիները

Մայր Աթոռում մեկնարկել է Միջեկեղեցական համաժողովը՝ նվիրված Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակին։ Սեպտեմբերի 4-7-ն անցկացվող համաժողովին մասնակցում են Հայոց Եկեղեցու նվիրապետական Աթոռների՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Կ․ Պոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունների, ինչպես նաև Քույր Եկեղեցիների, տարբեր հարանվանությունների և միջեկեցական կառույցների ներկայացուցիչներ։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն իր խոսքում ընդգծել է, որ Նիկիայի առաջին տիեզերաժողովը որոշիչ նշանակություն ունեցավ ոչ միայն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու ուղղափառ հավատքի պահպանության, այլև տերունավանդ առաքելության առավել արդյունավորման համար։

Կաթողիկոսն արձանագրել է, որ բռնազավթված Արցախում ոչնչացվում է հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը և խոսել Բաքվում պահվող հայ գերիների մասին։

«Նիկիական տիեզերաժողովը 1700 տարի անց համախմբել է ձեզ մի երկրում, որ անասելի հալածանքների, նեղությունների և փորձությունների է ենթարկվել հանուն Քրիստոսի։ Այսօր էլ մեր ժողովուրդը փորձությունների միջով է անցնում։ Տակավին չեն ամոքվել վերքերը, որ պատճառվեցին մեր ժողովրդին 2020 թվականին Ադրբեջանի պարտադրած պատերազմի հետևանքով, երբ սեփական պատմական հողի վրա անկախ ու ապահով ապրելու ու բազմադարյա սրբավայրերում ազատորեն աղոթելու ցանկության պատճառով զոհվեցին ու հաշմանդամ դարձան հազարավորներ, որբացան տասնյակ հազարավոր ընտանիքներ, իսկ 2023 թվականին Արցախից բռնի տեղահանվեց ողջ բնակչությունը՝ հարյուր քսան հազար ունեզրկված հայորդիներ։

Ադրբեջանում նաև առ այսօր շարունակվում են ապօրինաբար պահվել Արցախի պետական այրեր և ռազմագերիներ։ Բռնազավթված Արցախում ներկայիս ոչնչացվում և վնասվում է մեր բազմադարյա հոգևոր-մշակութային ժառանգությունը, պատմական սրբավայրերը, նաև յուրացվում ոչ հայկական լինելու կեղծ պատճառաբանությամբ»,- ասել է Վեհափառ Հայրապետը՝ հավելելով, որ աշխարհում այսօր տիրող ցավալի պատկերի հանդիման առավել հրամայական է դառնում Եկեղեցիների համագործակցության ոգու դրսևորումը։

Նա վստահություն է հայտնել, որ աղոթքի, երկխոսության, արդյունավոր հարաբերությունների և միասնական ջանքերի միջոցով է հնարավոր մարդկության կյանքում առատացնել հաճությունն ու համերաշխությունը, որպեսզի կանխվեն եղեռնագործությունները, դադարեն դժբախտությունները և աշխարհում գերակայի Աստծո կամքը։

Քառօրյա համաժողովին բանախոսություններով ու զեկույցներով հանդես կգան Արևելյան Ուղղափառ, Ուղղափառ, Կաթոլիկ, Լյութերական և այլ եկեղեցիների, ինչպես նաև միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներ։ Տեղի կունենան նաև քննարկումներ բարձրացված հարցերի ու թեմաների շուրջ։

Համաժողովի մասնակիցները կայցելեն տարբեր սրբավայրեր ու թանգարաններ, կմասնակցեն էկումենիկ աղոթքների, կծանոթանան Հայոց Եկեղեցու ու ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգությանը։