AM
4 Սեպտեմբեր 2025 - 14:31 AMT

Նախարար․ Ակնկալում ենք սեպտեմբերին ստանալ ԵՄ հետ վիզաների ազատականացման ծրագիրը

Հայաստանը ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում հույս ունի սեպտեմբերի վերջին ստանալ գործողությունների ծրագրի վերջնական տարբերակը եվրոպական կողմից։ Այդ մասին ասել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ զրույցում։

«Գրեթե ավարտական փուլում ենք գտնվում գործողությունների ծրագրի ստացման մասով: Բավականին երկար աշխատել ենք գործընկերների հետ, հայտարարել ենք երկխոսության մեկնարկի մասին: Ընդ որում, սա բացառիկ էր եվրոպական տարածաշրջանում, որովհետև հատկապես վերջին տարիներին ԵՄ–ն երկխոսություն գրեթե չի սկսում»,–ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։

Նա հավելել է, որ Հայաստանի համար այս դեպքում բացառություն է արվել։

«Արդեն իսկ մի քանի առաքելություններ են ժամանել Հայաստան: Աշնանը սպասում ենք գործողությունների ծրագրի վերջնական տեքստի փոխանցմանը հայկական կողմին»,–ասել է Սարգսյանը:

Նախարարը, որպես գլխավոր բանակցող հայկական կողմից, ընդգծել է, որ համագործակցությունն ԵՄ գործընկերների հետ նպատակ ունի հնարավորինս շուտ ապահովել փաստաթղթի փոխանցումը։ Նրա խոսքով՝ փաստաթղթի ստանալուց հետո նախաձեռնությունն ամբողջությամբ կանցնի հայկական կողմի պատասխանատվության դաշտ։

«Նախնական տրամաբանությամբ սեպտեմբերի ավարտին կստանանք գործողությունների ծրագիրը: Հետո արդեն կլծվենք աշխատանքի՝ բոլոր միջոցառումները կատարելու ուղղությամբ»,–նշել է նախարարը՝ հավելելով, որ այդ առումով միայն ՆԳՆ–ն չէ, որ անելիքներ ունի:

Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ կենսաչափական նոր համակարգի ներդրումն արդեն նախատեսվել է 2026 թվականի երկրորդ կիսամյակի համար։ Ներկայումս շարունակվում են աշխատանքները ինչպես նոր անձնագրերի, այնպես էլ նույնականացման քարտերի դիզայնի վերջնականացման ուղղությամբ։

Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն էր տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս հայտարարել է, որ Հայաստանը չի կարող «նստել երկու աթոռի վրա» և ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։