ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը բարձրացրել է գերիների թեման՝ այն կապելով կառավարության անտարբերության հետ։
«Հայ գերիների հարցը, ընդհանրապես, ի պաշտոնե պետք է լինի կառավարության և Նիկոլ Փաշինյանի ուղիղ ուշադրության կենտրոնում, բայց քանի որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով գերիների հարցը մղվել է 6-րդ պլան, ուստի այսօր մենք ունենք մի իրավիճակ, որ հայ գերիները գտնվում են անօգնական վիճակում, որ Ադրբեջանի բանտերում նրանք կեղեքվում են, ենթարկվում են խոշտանգումների»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այդ պահին, անցնելով Թովմասյանի մեջքի հետևից, ասել է. «Նախ ասեք, թե ինչո՞ւ նիստերին չեք մասնակցում»։
Թագուհի Թովմասյանն արձագանքել է. «Ձենդ կտրի, հա՞»։
Լրագրողները ՔՊ խմբակցության քարտուղարին հորդորել են չխանգարել հարցազրույցը։
Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, թե պետք է հարցեր տան, որոնք բխում են պետության շահերից։
Լրագրողները պատասխանել են, թե գիտեն ինչ հարցեր տան։
Թագուհի Թովմասյանն էլ դիմել է իրենից հարցազրույց վերցնող լրագրողներից մեկին՝ ասելով. «Ափսոս՝ քո քեռու տղան է և դու այստեղ կանգնած ես, Իզաբելլա ջան»։
Լրագրողն ասել է. «Արխային արտահայտվեք»։
«Քանի որ ՔՊ կուսակցությունը նաև նեղվում է, որ կուլիսներում ենք խոսում գերիների մասին, կրկնում եմ, որ գերիների և նրանց խոշտանգումների հարցը շարունակում է մնալ օդից կախված, մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի բարձրաստիճան և ոչ բարձրաստիճան բանակցությունների ընթացքում այդ հարցը քննարկման առարկա չի դառնում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը և եզրակացրեց, որ դրա պատճառն այն է, որ գերիների վերադարձը քաղաքական անհարմարություն կստեղծի Փաշինյանի համար»,–ասել է Թովմասյանը։
Ադրբեջանի կառավարության որոշմամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն` ԿԽՄԿ–ն 2025 թ․ սեպտեմբերի 3-ից դադարեցրել է իր պատվիրակության գործունեությունն Ադրբեջանում։ Հայտարարվել է, որ որ «Ադրբեջանի իշխանություններն են ապահովելու պահվող անձանց ու նրանց ընտանիքների միջև կապը»։ Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր։
Սեպտեմբերի 2–ին Ադրբեջանում պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, ահազանգել է, որ ամուսինը արդեն 20 օր է հացադուլ է անում Բաքվի բանտում։Նա դիմել է միջազգային հանրությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ ամուսնու կյանքը վտանգված է, կորցնում է նրան, շտապ բժիշկ է պետք։






