ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ ցանկացած խաղաղություն սին է, քանի դեռ կան գերիներ:
«Մտահոգիչ հաղորդումներ են ստացվում այն մասին, որ Բաքվում պահվող հայ գերիները ծանր հոգեվիճակում են և նույնիսկ ինքնասպանության փորձեր են կատարել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի այցելությունների ընդհատումից հետո, մարդասիրական գործողություն, որն այժմ դադարեցված է»,-ասել է նա։
Պատգամավորն ընդգծել է, որ մոտ երկու ամիս շարունակ հայ գերիները գտնվում են ամբողջական մեկուսացման պայմաններում՝ առանց որևէ միջազգային անկախ կառույցի մուտքի։ Նա ավելացրել է, որ որևէ տեղեկատվություն չի ստացվել նրանց կալանքի պայմանների, առողջական վիճակի կամ հոգեբանական բարեկեցության վերաբերյալ։
«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ հայ գերիներին այցելել են հունիսին։ Այս միջազգային կազմակերպությունը Բաքվում իր գործունեությունը վերջնականապես դադարեցրել է Ադրբեջանի իշխանությունների պահանջով»,–ասել է նա։
Նա հիշեցրել է նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված Վաշինգտոնի հռչակագրի մասին՝ նշելով, որ այնուամենայնիվ, գերիների ազատ արձակման հարցում որևէ զարգացում չի արձանագրվել։
«Ինչպես ՀԱՄԱՍ–ը պատանդներ է պահում բանակցություններում ազդեցության լծակներ ունենալու համար, այնպես էլ Իլհամ Ալիևը հայ գերիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին բանակցային գործընթացում օգտագործում է որպես քաղաքական խաղաքարեր։ Նրանք գերիներ չեն, այլ քաղաքական մանիպուլյացիայի կենդանի գործիքներ։ Ակնհայտ է, որ ցանկացած խաղաղություն սին է, քանի դեռ կան գերիներ, և որ իրական կայունությունը չի կարող կառուցվել գերիների տառապանքների վրա։ Ժամանակն է, որ այս կազմակերպությունը՝
Պահանջի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և չեզոք երրորդ կողմի հյուպատոսական կամ մարդասիրական կազմակերպությունների անհապաղ և անարգել մուտքը Բաքվում գտնվող բանտարկյալների մոտ։
Պահանջի բոլոր բանտարկյալների ազատ արձակումը։ Ձեռնարկի այս չարաշահումներում ներգրավված Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ հասցեական պատժամիջոցներ կիրառելու քայլեր և աջակցի միջազգային հետաքննություններին»,–ասել է Գևորգյանը։
Ադրբեջանի կառավարության որոշմամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն` ԿԽՄԿ–ն 2025 թ․ սեպտեմբերի 3-ից դադարեցրել է իր պատվիրակության գործունեությունն Ադրբեջանում։ Հայտարարվել է, որ որ «Ադրբեջանի իշխանություններն են ապահովելու պահվող անձանց ու նրանց ընտանիքների միջև կապը»։ Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր։
Սեպտեմբերի 2–ին Ադրբեջանում պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, ահազանգել է, որ ամուսինը արդեն 20 օր է հացադուլ է անում Բաքվի բանտում։Նա դիմել է միջազգային հանրությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ ամուսնու կյանքը վտանգված է, կորցնում է նրան, շտապ բժիշկ է պետք։






