AM
5 Սեպտեմբեր 2025 - 06:36 AMT

Անդրեասյանը և ՌԴ դեսպանը միջպետական իրավական հարցեր են քննարկել

Հայաստանի միջազգային իրավական հարցերով նորանշանակ ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ մի շարք կարևոր միջպետական իրավական հարցեր է քննարկել։

Կոպիրկինը ջերմորեն շնորհավորել է Կարեն Անդրեասյանին նոր պաշտոնի ստանձնման առիթով՝ նշելով երկու երկրների միջև իրավական հարցերի շուրջ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը։

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչն ու ՌԴ դեսպանը երկուստեք կարևորել են քննարկումների ու տարբեր ձևաչափերով կարծիքների փոխանակման շարունակականությունը»։

Օգոստոսի 30–ին ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ։ Անդրեասյանը այս նոր պաշտոնին է նշանակվում Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնանկությունից հետո։

Լիպարիտ Դրմեյանը աշխատանքից ազատվեց վարչապետի այն հայտարարությունից հետո, թե «չի կարող որևէ մեկը իր դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ», և որ «կառավարությունն ինքն է»: Պաշտոնանկ արված Լիպարիտ Դրմեյանը՝ որպես միջազգային իրավախորհրդատու, կառավարությանը խորհուրդ էր տվել կատարել ՀԷՑ–ի վերաբերյալ միջազգային արբիտրաժի հրատապ որոշումը։