AM
5 Սեպտեմբեր 2025 - 07:18 AMT

ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելել է Տավուշ, ծանոթացել անվտանգային և հումանիտար խնդիրներին

Եվրոպական միության Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, ամփոփելով իր այցը Հայաստան, շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին կարևոր և բովանդակալից քննարկումների համար։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

Նա նաև հայտնել է, որ այցի ընթացքում եղել է Տավուշի մարզում, որտեղ նա ծանոթացել է անվտանգային և հումանիտար բնույթի խնդիրներին։

«Շատ տեղեկատվական այց ունեցա Տավուշի մարզ՝ անվտանգության և մարդասիրական հարցերի շուրջ։ ԵՄ-ն որպես մերձավոր գործընկեր, կշարունակի իր աջակցությունը ՀՀ–ին ու Ադրբեջանին լիարժեք խաղաղության հասնելու ուղղությամբ կոնկրետ քայլերի և միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով»։

Նա նշել է, որ Երևանում հանդիպումներ է ունեցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

«Հանդիպումների հիմնական թեման եղել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, հաղորդակցման խնդիրների շեշտադրմամբ, ապագայում հնարավոր սահմանամերձ համագործակցությանը և տարածաշրջանի բացման հեռանկարներին անդրադարձով»,–ասվում է գրառման մեջ։

Նա պատմական է անվանել Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունները։

ԵՄ հատուկ ներկայացուցչի այցը տարածաշրջանային էր, մինչ ՀՀ գալը, նա պաշտոնական այցով եղել էր Ադրբեջանում, այցելել նաև Նախիջևան։