AM
5 Սեպտեմբեր 2025 - 07:41 AMT

Ջալալ Հարությունյանի վճռաբեկ բողոքը թերացումների պատճառով վերադարձվել է՝ շտկումների համար

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վճռաբեկ բողոքը ներկայացվել է թերություններով, ինչի պատճառով Վճռաբեկ դատարանն այն վերադարձրել է՝ հնարավորություն տալով 10-օրյա ընթացքում շտկված տարբերակով նորից ներկայացնելու։

Գործով զեկուցող դատավոր է նշանակվել Վճռաբեկ դատարանի անդամ Սերժիկ Ավետիսյանը, իսկ բողոքի վերադարձման որոշումը կայացվել է սեպտեմբերի 2-ին, հայտնում է «Փաստինֆոն»։

Վերաքննիչ դատարանի որոշումը Հարությունյանը երկար ժամանակ չի ստացել և միայն օգոստոսին է այն ստացվել «հարկադրաբար», ինչից հետո դատավարական ժամկետները սկսել են հաշվարկվել բողոքարկման համար։ Տուժող կողմը մտահոգություն է հայտնել, որ Հարությունյանը միտումնավոր ձգձգում է դատավարական ընթացքը՝ նպատակ ունենալով շահել ժամանակ մինչև վաղեմության ժամկետների լրանալը։

Փաստացի, Վերաքննիչ դատարանի որոշումից ութ ամիս անց այն դեռևս իրավական ուժ չի ստացել, իսկ բողոքը վերադարձվելուց հետո Ջալալ Հարությունյանի պաշտպանն առայժմ նոր բողոք չի ներկայացրել։

Նրա պաշտպան Աշոտ Ապրեսյանն ասել է, որ դեռ չի ստացել Վճռաբեկ դատարանի որոշումը, իսկ ստանալուց հետո՝ սահմանված 10-օրյա ժամկետում կներկայացնի նոր բողոք։ Նա այլ մանրամասներ չի հրապարակել, միայն ընդգծել է, որ բողոքով վիճարկվել է դատարանի ենթակայության խախտումը, քանի որ գործը, ըստ պաշտպանի, պետք է քննվեր ոչ թե Սյունիքի, այլ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։

Գործով քննված դրվագներից մեկը, որը վերաբերել է 2020 թվականի հոկտեմբերի 7-ի հակահարվածին, նախաքննության փուլում դադարեցվել է։ Մյուս դրվագով, որը վերաբերում է հոկտեմբերի 12-ին «Ցորի» զորամասի՝ Դ20 դիվիզիոնի վրա տեղի ունեցած հարձակմանը, մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատարան։

Ըստ մեղադրանքի՝ Ջալալ Հարությունյանը, լինելով ՊԲ հրամանատար և գեներալ-լեյտենանտ, զբաղեցնելով պատասխանատու պաշտոն ռազմական դրության ժամանակահատվածում, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք։ Նրա անբարեխիղճ մոտեցումը ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ, մեղադրանքի համաձայն, հանգեցրել է ծանր հետևանքների։

Մասնավորապես, նշված է, որ հոկտեմբերի 12-ի հարձակման ժամանակ, երբ դիվիզիոնի հրամանատարությունը կապ է հաստատել Հարությունյանի տեղակալի՝ հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանի հետ և տեղեկացրել հակառակորդի հարձակման մասին, Հարությունյանը պնդել է, թե մոտեցող ուժերը յուրայիններ են։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գարիկ Աբելյանի, 2025 թվականի հունվարի 15-ին Ջալալ Հարությունյանին ճանաչել է մեղավոր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտել 5.5 տարվա ազատազրկման։ Դատավճիռը նույնությամբ թողնվել է Վերաքննիչ քրեական դատարանի կողմից, որը գործը քննել է Մխիթար Պապոյանի գլխավորությամբ՝ կազմով դատավորներ Ռոբերտ Պապոյան և Լուսինե Աբգարյան։