ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով որոշ հրապարակումների, գրել է, որ նախարարությունում որևէ «գաղջ մթնոլորտի» մասին խոսք անգամ լինել չի կարող:
«Որոշ լրատվամիջոցներ երեկ և այսօր փորձել են «դեղին մամուլի» գործելաոճին հավատարիմ մնալով մտացածին սենսացիաներ ստեղծել, սա դրանցից մեկն է։ «Իրավունք» օրաթերթում հրապարակված տեղեկությունները, թե նախարարությունում իբր «բունտ» է հասունանում, նուրբ ասած իրականությանը չեն համապատասխանում, իսկ ավելի ճիշտ, պարզապես սուտ են։
Նախարարությունում որևէ «գաղջ մթնոլորտի» մասին խոսք անգամ լինել չի կարող։ Աշխատանքային միջավայրը կառուցված է փոխադարձ հարգանքի և մասնագիտական պահանջների վրա։ Ովքեր սպասում էին սենսացիոն սկանդալների, հիասթափվելու են։
Ինչպես ավելի վաղ նշել եմ` անկանոն շարժումների կողմնակիցը չեմ, բայց և չեմ նախընտրում որոշումերը և քայլերը անհարկի հետաձգելու գործելաոճը: Նախարարության առաջիկա անելիքները ամրագրված են ՀՀ կառավարության հնգամյա ծրագրով, և մենք հետևողականորեն շարունակելու ենք իրականացնել այն:
Նախարարությունում իմ միակ «խիստ պահանջը» եղել և մնում է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացումը։
Լրատվամիջոցներին կոչ եմ անում զբաղվել իրական տեղեկատվության տարածմամբ, այլ ոչ թե իրենց ընթերցողներին մոլորեցնել կեղծ «բունտերով»։
Հ.Գ. ավելին ասեմ, դեռ ընդհանուր ժողով էլ չեմ արել. ստի ոտքը իրոք շատ կարճ է»,–գրել է նա։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն ավելի վաղ հրաժարականի մասին գրավոր դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին, որից հետո նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը 2021 թվականի օգոստոսից զբաղեցնում էր Նարեկ Մկրտչյանը նշանակվել է դեսպան ԱՄՆ–ում։






