AM
5 Սեպտեմբեր 2025 - 09:30 AMT

Փոխնախարար․ Չի լինելու այնպես, որ մեր բյուջեն այնքան ավելացնենք, որ հասնենք Ադրբեջանի ռազմական բյուջեին

ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը հայտնել է, որ ինքը դեռ տեղեկություն չունի՝ 2026 թվականի պետական բյուջեում կրճատվելու են արդյոք պաշտպանության նախարարության հատկացումները։

Լրագրողները նշել են, որ Ադրբեջանի կողմից շարունակաբար աճող սպառազինման պայմաններում, Հայաստանը կարծես թե չի մեծացնում պաշտպանության ոլորտի ծախսերը։ Սրան ի պատասխան՝ Սարգսյանը ընդգծել է, որ վերջին երեք տասնամյակներում Ադրբեջանի ռազմական ծախսերն ավելի քան մի քանի անգամ գերազանցել են Հայաստանի ամբողջ պետական բյուջեին, հայտնում է Aysor.am-ը։

«Եթե ձեր հարցադրումն այնպես է, որ ամբողջ մեր պետական բյուջեն այնպես ավելացնենք, որ հասնենք Ադրբեջանի ռազմական բյուջեին, չի լինելու»,- նշել է պաշտպանության փոխնախարարը։

Նա վստահեցրել է, որ ՊՆ-ն այն նույն տրամաբանությամբ, որ աշխատել է 2024-ին ու 2025-ին, աշխատելու է նաև 2026-ին։