AM
5 Սեպտեմբեր 2025 - 09:47 AMT

Խստացվում է հիվանդության սիմուլյացիայի միջոցով վարժական հավաքներից խուսափելու պատասխանատվությունը

Քրեական օրենսգրքում կատարվող փոփոխություններով նախատեսվում է հստակեցնել վարժական հավաքներից խուսափելու ձևերն ու միաժամանակ խստացնել պատասխանատվության չափը, երբ խուսափումը տեղի է ունեցել իրավաչափ հիմքերի բացակայության պայմաններում՝ զուգորդվելով տարբեր անօրինական գործողություններով։

Այդ մասին հայտնել է պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացնելով Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, հայտնում է Արմենպրեսը։

Փոխնախարարի խոսքով՝ փոփոխություններով առավել մանրամասնորեն է սահմանվում, թե ինչ է նշանակում խուսափել վարժական հավաքից։

Ըստ ներկայացված նախագծի՝ համարվում է, որ քաղաքացու կողմից վարժական հավաքից խուսափելու արարք է համարվում այն դեպքը, երբ վերջինս չի ներկայացել իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ՝ զորահավաքին մասնակցելու նպատակով, չի ենթարկվել օրենքով նախատեսված բժշկական զննության ու փորձաքննության, հրաժարվել է մասնակցել զորահավաքին կամ խուսափել է դրանից որևէ այլ եղանակով, այն դեպքում, երբ օրենքով նախատեսված հիմքեր չկան վարժական հավաքից ազատման համար։

Նման խուսափումը կարող է առաջացնել պատասխանատվություն՝ 15-ապատիկից 30-ապատիկ տուգանքի ձևով, ինչպես նաև մինչև 2 ամիս կարճաժամկետ կամ 1-3 տարի ժամկետով ազատազրկման ձևով։

«Խստացվում է մի շարք ոչ իրավաչափ հանգամանքների զուգորդմամբ վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվության չափը: Խստացվել է այն դրույթը, որ խուսափելը կատարվել է՝ իրեն մարմնական վնաս պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով, փաստաթուղթը կեղծելու կամ խաբեության ճանապարհով»,-ասաց Սարգսյանը։

Օրենսդրական փաթեթը ներառում է նաև փոփոխություններ «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում։

«Հիմնական փոփոխությունը նրա համար է, որ ռազմական ոստիկանության ներուժը հնարավորություն ունենա աջակցել զինվորական կոմիսարիատներին, օրինակ՝ գտնել մարդկանց, որոնք չեն ներկայացել հաշվառման, որոնք վարժական հավաքների պետք է մասնակցեն կամ խուսափել են զինվորական ծառայությունից»,-ասել է փոխնախարարը։

Նախագծով ռազմական ոստիկանությանը տրվում է լիազորություն՝ իրավասու մարմինների գրավոր պահանջի հիման վրա իրականացնել կալանավորված կամ ձերբակալված զինծառայողների տեղափոխումն ու ուղեկցումը՝ անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններին մասնակցության նպատակով։

Հանձնաժողովում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն և կընդգրկվի Ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգում։