Սեպտեմբերի 2-ի դրությամբ Արցախից տեղահանվածներից ավելի քան 16,000 մարդ ՀՀ քաղաքացիության դիմում է ներկայացրել։ Այդ մասին Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
«11,259 անձ հանրապետության նախագահի հրամանագրով ստացել էր ՀՀ քաղաքացիություն, և 5000–ից ավելի անչափահաս, որոնց ծնողները ձեռք են բերել քաղաքացիություն և անձնագրի փոփոխությամբ ստացել են քաղաքացիություն։ Այսինքն՝ ԼՂ մեր հայրենակիցներից 16 հազարից ավելին ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն»,– ասել է Ղազարյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ գործընթացի օպտիմալացման ուղղությամբ իրականացվում են մի շարք քայլեր։ Մասնավորապես՝ քաղաքացիության դիմումների մշակումը կատարվում է կենտրոնացված համակարգով, որը նախատեսվում է ընդլայնել ամբողջ վարչական համակարգի մակարդակով։
«Մարզերում մեր բոլոր ստորաբաժանումներն արդեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից ընդունում են քաղաքացիության դիմումներ։ Երևանում մենք ունենք մեկ կետ, ավելացրել ենք ևս մեկ կետ, աշխատում ենք ավելացնելու ուղղությամբ, որ Երևանի բոլոր ստորաբաժանումները ևս ընդունեն դիմումներ։ Կա վերապատրաստման հարց։ Գործարկված շրջիկ ծառայություններից մեկը, վերջին տվյալներով, օրում 50–ից ավելի դիմում է հավաքագրել ու ներկայացրել»,– շարունակել է փոխնախարարը։
Նա նաև ընդգծել է, որ ԼՂ-ից տեղահանված քաղաքացիների համար քաղաքացիություն ստանալու ընթացակարգը դարձել է առավել դյուրին։ Ըստ նրա՝ սովորաբար այս գործընթացը տևում է նվազագույնը 90 օր, իսկ Լեռնային Ղարաբաղի բնակիչների պարագայում քաղաքացիության տրամադրումը կատարվում է առավելագույնը երկու ամսվա ընթացքում։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։






