ՔՊ խմբակցության ատգամավոր Արմեն Խաչատրյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում էր վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվության խստացումը, խոսել է դժգոհության մասին, որ անընդհատ նույն մարդիկ են վարժական հավաքների կանչվում։
«Հասարակության մեջ դժգոհություն կա, որ անընդհատ նույն մարդիկ են վարժական հավաքների ծանուցումներ ստանում, նաև այն մարդիկ, ովքեր նոր են վերադարձել բանակից, օրինակ 44-օրյայի մասնակից են»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։
Պատգամավորն ընդգծել է, որ մի զգալի հատված քաղաքացիներից երբեք ծանուցում չի ստանում, ինչն առաջացրել է անարդարության զգացում։
Պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը նախ հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմից անցել է արդեն հինգ տարի, ապա հավելել է, որ առաջիկա տարվանից վարժական հավաքներում ներգրավվելու են այն քաղաքացիները, ովքեր վերջին անգամ մասնակցել են դրանց մոտ երեք տարի առաջ։
Նրա խոսքով՝ փոփոխությունը նպատակ ունի հավասարեցնել ներգրավման մեխանիզմը և նվազեցնել կրկնվող կանչերը։






