ՀՀ-ում անցկացված հասարակական հարցման համաձայն՝ քաղաքացիների 12.2 տոկոսը պատրաստ կողմ քվեարկել Սահմանադրության փոփոխությանը, եթե դա նպաստի իրական և կայուն խաղաղությանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Այդ տվյալը հրապարակել է «GALLUP International»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ամփոփելով օգոստոսի 25-30-նն անցկացված հարցման տվյալները։
58 տոկոսը համարում է, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը ՀՀ ներքին գործն է, և որևէ երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը, իրավունք չունի ազդելու այդ գործընթացի վրա, հայտնում է Sputnik Արմենիան։
Արձագանքելով այն տեղեկություններին, որ Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունը նշել է որպես վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման, հարցվածների 25․1 տոկոսը ասել է՝ դա Ադրբեջանի կողմից հերթական քաղաքական ծուղակն է, և անկախ փոփոխությունից, Ադրբեջանը համաձայնագիր չի ստորագրելու։
Դեռևս 2025 թվականի մարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Սահմանադրության նոր նախագծի շուրջ հանրաքվե անցկացնելու մտադրության մասին՝ նշելով, որ այն կարող է տեղի ունենալ 2027 թվականին, իսկ որոշ քննարկումների համաձայն՝ նաև 2026-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում։ Վարչապետը միաժամանակ ընդգծել է, որ Սահմանադրության փոփոխությունը մնում է բացառապես ներքին քաղաքական գործընթաց, սակայն չի կարող զերծ մնալ նաև արտաքին և տարածաշրջանային ազդեցություններից։ Ապրիլ ամսին նա արդեն հայտարարել էր, որ նոր Սահմանադրությունում չպետք է ներառվի հղում՝ 1990 թվականի Անկախության հռչակագրին։
Մինչդեռ, Ադրբեջանը շարունակաբար պնդում է Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների անհրաժեշտությունը՝ պատճառաբանելով, թե այդտեղ առկա են ուղղակի արտահայտություններ, որոնք կոչ են անում Լեռնային Ղարաբաղը միավորել Հայաստանի Հանրապետությանը։






