AM
5 Սեպտեմբեր 2025 - 11:28 AMT

ՀՀ–ն և Ղազախստանը կհամագործակցեն միգրացիայի ոլորտում

Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն միգրացիոն քաղաքականության ոլորտում՝ հիմնվելով փոխադարձության սկզբունքի վրա։ Այդ մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Նա ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

Համաձայնագրով պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ ընթացակարգեր միգրացիոն ոլորտի կարգավորման գործընթացների վերաբերյալ՝ ձգտելով ստեղծել իրավական հիմք երկկողմ համագործակցության համար:

Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 15-ին և նախատեսում է համապարփակ համագործակցություն միգրացիոն ոլորտում։

Կողմերը պայմանավորվել են իրականացնել տեղեկատվության փոխանակում միգրացիոն ընթացակարգերի, վիճակագրության, իրավական և գիտամեթոդական հարցերի շուրջ։ Բացի այդ, նախատեսվում է երկու պետությունների տարածքում գտնվող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, փորձի փոխանցում և գործնական աջակցության տրամադրում՝ համագործակցության ընթացքում ծագող խնդիրների լուծման նպատակով։

Համաձայնագրում ամրագրված է նաև, որ երկու երկրների քաղաքացիների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների բնակության իրավունքները պաշտպանվելու են՝ հաշվի առնելով նրանց կացության օրինական հիմքերը։ Կքննարկվեն նաև համապատասխան իրավական կարգավիճակի վերաբերյալ հարցեր՝ հաշվի առնելով միգրացիոն քաղաքականության ոլորտում կողմերի ազգային օրենսդրությունները և միջազգային պարտավորությունները։

Նշված կարգավորումներն իրականացվելու են կողմերի ներպետական օրենսդրությունների եւ միջազգային պարտավորությունների համաձայն: