AM
5 Սեպտեմբեր 2025 - 13:26 AMT

ՔԿ․ 2025–ին անչափահասների կատարած հանցագործությունների վերաբերյալ 344 քրվարույթ է քննվել՝ աճ է գրանցվել

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2025 թվականի առաջին վեց ամիսներին անչափահասների մասնակցությամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տվյալները։

Ըստ հրապարակված հաղորդագրության, նշված ժամանակահատվածում քննվել է 344 քրեական վարույթ, մինչդեռ նախորդ տարի այդ թիվը կազմել է 298։ Դրանցից 172-ը փոխանցվել է նախորդ՝ 2024 թվականից, ինչը նույնպես գերազանցում է մեկ տարի առաջվա 128 վարույթը։

2025-ի առաջին կիսամյակում ուսումնասիրված 344 վարույթից 33-ը, որոնցում ներգրավված են եղել 35 անչափահասներ, դատարան է ուղարկվել մեղադրական եզրակացությամբ (նախորդ տարի՝ 29 վարույթ՝ 32 անձի վերաբերյալ)։ 92 վարույթ կարճվել է (2024-ին՝ 94), այդ թվում 56-ը՝ ռեաբիլիտացնող (2024-ին՝ 38), իսկ 36-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2024-ին՝ 56)։

Բացի այդ, 3 վարույթ փոխանցվել է այլ մարմինների (նախորդ տարի՝ 1), 19-ը միացվել է այլ գործերին (2024-ին՝ 12), իսկ 12-ը հաշվառվել է՝ համարվելով, որ վարութային և ապացուցողական գործողությունները կատարված են (2024-ին՝ 30)։ 185 վարույթ փոխանցվել է երկրորդ կիսամյակ (նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում՝ 132)։

Դատարան ուղարկված 32 քրեական գործերի շարքում առկա են տարբեր կատեգորիաների հանցագործություններ. 2 սպանության, 6՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1՝ ավազակության, 2՝ գողության, 1՝ շորթման, 2՝ խուլիգանության, 6՝ զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության, 3՝ թմրամիջոցների հետ կապված, իսկ մնացած 9-ը՝ այլ հանցակազմերի դեպքեր են։

Հաշվետու ընթացքում 56 անչափահասի նկատմամբ որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնել կամ դադարեցնել՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2024-ին՝ 77)։

2025 թվականի առաջին կիսամյակում քննված վարույթներով ձերբակալվել է 27 անչափահաս (նախորդ տարի՝ 56), որոնցից 17-ը հետագայում ազատվել են արգելանքից (2024-ին՝ 46)։

Դատարանին ներկայացվել է կալանք կիրառելու վերաբերյալ 15 միջնորդություն (2024-ին՝ 10), որոնցից 5-ը բավարարվել է ամբողջությամբ (2024-ին նույնպես՝ 5), 5-ը՝ մասնակի (2024-ին՝ 5), իսկ 5-ը մերժվել է։

Նախկինի համեմատ աճել է նաև տնային կալանքի կիրառումը. այն կիրառվել է 5 անչափահասի նկատմամբ (2024-ին՝ 2), իսկ մեկի նկատմամբ՝ կիրառվել է վարչական հսկողություն։

Բացի այդ, քրեական վարույթների շրջանակում ներկայացվել է 39 միջնորդագիր՝ կապված անչափահասների կատարած հանցագործությունների հետ։