AM
5 Սեպտեմբեր 2025 - 14:22 AMT

Ալեքսանյան․ Տրամաբանական կլինի, որ ռազմական բյուջեի շոշափելի ավելացում չլինի

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե նախատեսվո՞ւմ է արդյոք 2026 թվականին պաշտպանության ոլորտի ծախսերի աճ, նշել է, որ տրամաբանական կլինի խուսափել շոշափելի ավելացումից։

«Տրամաբանական կլինի, որ առնվազն շոշափելի ավելացում չլինի»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Ալեքսանյանն ընդգծել է՝ արդեն իսկ պաշտպանական բյուջեն վերջին տարիներին զգալիորեն աճել է, իսկ այդ մակարդակի պահպանումն ինքնին լուրջ և բարդ գործընթաց է։ Նա հիշեցրել է նաև՝ տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները՝ մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, նույնպես ազդակ են, որ բյուջեն անհրաժեշտ չէ շեշտակի ավելացնել։

Նա կրկնել է, որ շոշափելիորեն չպետք է ավելացվի բյուջեն, քանի որ նախ՝ Հայաստանը և Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիր, երկրորդ՝ վերջին տարիներին բյուջեի արդեն իսկ շեշտակի ավելացման տեմպը պահելը բավականին լուրջ գործընթաց է։

Միևնույն ժամանակ, Ալեքսանյանը շեշտել է՝ կարևոր է ունենալ մարտունակ և գործունակ բանակ, որը կարող է լիարժեքորեն ապահովել Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը։

«Ինչո՞ւ պետք է ուղիղ համեմատության մեջ դիտարկենք մեզ Ադրբեջանի հետ։ Մենք պետք է ունենանք մարտունակ բանակ, որը ունակ է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ալեքսանյանը։

ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը հայտնել է, որ ինքը դեռ տեղեկություն չունի՝ 2026 թվականի պետական բյուջեում կրճատվելու են արդյոք պաշտպանության նախարարության հատկացումները։

«Եթե ձեր հարցադրումն այնպես է, որ ամբողջ մեր պետական բյուջեն այնպես ավելացնենք, որ հասնենք Ադրբեջանի ռազմական բյուջեին, չի լինելու»,- նշել է պաշտպանության փոխնախարարը։