Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած Գրքի երևանյան 8-րդ միջազգային փառատոնը։ Միջոցառումն անցկացվում է Հայաստանի պատմության թանգարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում, իսկ գրքի տոնավաճառը՝ թանգարանի շենքի կամարաշարում, սեպտեմբերի 5-7-ը։
Փառատոնի բացմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ինչպես նաև պետական կառույցների ներկայացուցիչներ, գրքասեր հասարակություն։ Բացման օրը հյուրերն այցելել են տաղավարներ, ծանոթացել ցուցադրված գրքերին ու հրատարակչությունների գործունեությանը, զրուցել հեղինակների, հրատարակիչների և այցելուների հետ, հայտնում է քաղաքապետարանը։
Գրքի տոնավաճառին մասնակցում են ավելի քան 50 հրատարակչություններ, գրախանութներ, թանգարաններ, գրադարաններ և կրթամշակութային կազմակերպություններ, որոնք իրենց գրական արտադրանքը ներկայացնում են 20-50 տոկոս զեղչով։
Փառատոնի ծրագրում ընդգրկված է մոտ 50 միջոցառում, ներառյալ գրքերի շնորհանդեսներ, պոեզիայի ընթերցումներ, գրական հանդիպումներ, մասնագիտական քննարկումներ, վարպետության դասեր և մրցանակաբաշխություն։
Միջոցառման մասնակիցների թվում են հայտնի գրողներ, գրականագետներ և հրատարակիչներ Հայաստանից, ինչպես նաև մի շարք երկրներից, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունից, Իտալիայից, Լատվիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Չեխիայից, Հունաստանից, Նիդերլանդներից, Իրանից և ԱՄՆ-ից։
Այս տարի գրքի միջազգային փառատոնը առաջին անգամ դուրս կգա Երևանի սահմաններից՝ սեպտեմբերի 28-ին կայանալով Գյումրիում, իսկ հոկտեմբերի 4-ին՝ Կապանում։






