AM
5 Սեպտեմբեր 2025 - 14:41 AMT

Գյումրիի ավագանիում վիճարկում են, թե ով է նախաձեռնել Իսահակյանի թանգարանի բազրիքների փոխարինումը

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի մաշված փայտյա բազրիքները փոխարինվել են նոր, բարձրորակ փայտյա տարբերակներով։ Այդ մասին ասվում է Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։

Նշվում է, որ աշխատանքները սկսվել են քաղաքապետ Վարդան Ղուկասյանի արագ արձագանքման շնորհիվ։

«Քաղաքապետարանը հետևել է չափանիշներին, որոնք ապահովում են պատմամշակութային արժեքների պահպանությունը: Բազրիքները պահպանել են ավանդական տեսքը և բարձր որակը։ Տեղադրումն ամբողջությամբ արդեն ավարտվել է»,-ասվում է գրառման մեջ։

«Մեր քաղաքը» խմբակցության անդամ Լիզա Գասպարյանը հակադարձել է՝ պնդելով, որ նախաձեռնության հեղինակներն իրենք են։

«Հավանաբար Գյումրու քաղաքապետարանի էջը վարողը զլացել կամ ցանկացել է թերի փոխանցի ինֆորմացիան` Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի խնդրիներին ու փայտե փթած ու հնացած բազրիքները նորով փոխարինելու խնդիրը առաջ քաշվեց մեր կողմից և հնչեղություն ստացավ և հայտի դարձավ մեր հայտարարության արդյունքում: Հետո գրություն, հետո բանավոր բանակցություններ ենք վարել և այսօր թանգարանն ունի նոր բազրիքներ: Էս որքա՞ն եք կոմպլեքսավորված «Մեր քաղաքը» խմբակցության անունը տալուց»,-գրել է նա։