AM
5 Սեպտեմբեր 2025 - 14:45 AMT

Գրիգորյանը և Մակրոնի խորհրդականը քննարկել են ռազմավարական գործակցությանը միտված օրակարգը

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել է Փարիզում, որտեղ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Մայրցամաքային Եվրոպայի ու Թուրքիայի հարցերով խորհրդական Բերտրան Բուշվալտերին։

Կողմերն անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական համագործակցությանը միտված օրակարգին՝ նշելով երկկողմ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և հաստատելով՝ շարունակելու են համագործակցությունը առաջիկա փուլերում՝ ամրապնդելու գործընկերային կապերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, որոնց համատեքստում ընդգծվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության դերը։ Կողմերը շեշտադրել են ծրագրի նշանակությունը տարածաշրջանային կապերի ընդլայնման և առևտրատնտեսական համագործակցության խթանման տեսանկյունից։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։