AM
6 Սեպտեմբեր 2025 - 06:37 AMT

ՀՀ և Ադրբեջանի պատվիրակությունները փոխադարձ այցելություններ են կատարել միմյանց տարածք

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի ղեկավարությամբ սեպտեմբերի 5-ին կայացել են երկու պետությունների պատվիրակությունների փոխադարձ այցելություններ ՀՀ տարածք և Ադրբեջանի տարածք:

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններից ելնելով՝ կողմերն անդրադարձել են սահմանային հատվածների սահմանազատման, ականազերծման աշխատանքների, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման և կառուցման հարցերին։ Քննարկվել են նաև այդ գործողությունների իրականացման ժամկետները՝ հաղորդակցությունների ստեղծման ոլորտում գործընթացների սինխրոնիզացման նպատակով, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։

Պատվիրակությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ նիստի կազմակերպման շուրջ։

Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի երթուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։