AM
6 Սեպտեմբեր 2025 - 08:34 AMT

Փաշինյանի օդանավը մեկնել և վերադարձել է Ադրբեջանի տարածքով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օդանավը օգոստոսի 30–ին Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրյա այցի և սեպտեմբերի լույս 6–ի գիշեր վերադարձել Հայաստան: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Նա հիշեցրել է, որ ադրբեջանական ինքնաթիռները տևական ժամանակ է օգտագործում են ՀՀ օդային տարածքը։

«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության հաստատումից հետո, Հայաստանի համապատասխան մարմինները Ադրբեջանից օդային անցում են հայցել ՀՀ վարչապետի օդանավի համար և ստացել դրական պատասխան։ Այս փաստը դիտարկում ենք որպես գործնական քայլ՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, խաղաղության օրակարգի առաջմղման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար։

Ադրբեջանական ինքնաթիռները տևական ժամանակ ՀՀ օդային տարածքով ապահովում են հաղորդակցությունը Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ»,- գրել է Բաղդասարյանը։

Փաշինյանը տիկնոջ հետ մեկնել էր Չինաստան, այնուհետև՝ Ճապոնիա։