AM
6 Սեպտեմբեր 2025 - 10:56 AMT

Պատմության թանգարանը մոտ 2000 արժեքավոր ցուցանմուշ է նվեր ստացել

Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Էմանուել Սևրուգյան 95․ Սևրուգյաններ․ ժառանգություն և նվիրում» խորագրով նվիրատվություն-ցուցահանդեսի բացումը։

«Սևրուկյան» հիմնադրամի հետ սերտ համագործակցության արդյունքում թանգարանին փոխանցվել է մոտ 2000 ցուցանմուշ, որոնց թվում են Անդրե Սևրուգյանի հայ-իրանական մոտիվներով ստեղծագործությունները և Էմանուել Սևրուգյանի հին դրամների հավաքածուն։ Սա վերջին տարիներին հայաստանյան թանգարաններին հանձնված ամենախոշոր հավաքածուն է։ Ցուցադրության շրջանակում ներկայացվել են նվիրաբերված նմուշներից հին հունական, փոքրասիական և արևմտաեվրոպական միջնադարյան եզակի մետաղադրամներ, ինչպես նաև մի շարք կնիքներ։

Բացման խոսքով հանդես են եկել թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և «Սևրուկյան» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Սարգսյանը՝ շեշտելով երկու կառույցների միջև երկարամյա համագործակցությունը և դրա շնորհիվ ստացված կարևոր արդյունքները մշակութային ժառանգության պահպանման ու հանրահռչակման գործում։

Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին իր խոսքում ընդգծել է, որ ցուցահանդեսը յուրահատուկ վկայություն է այն նվիրվածության ու հավաքչական աշխատանքի, որի շնորհիվ հնարավոր է դարձել ստեղծել ու պահպանել նման արժեքավոր հավաքածու։

Ողջույնի ելույթ է ունեցել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ, ազգագրագետ Երանուհի Մարգարյանը։ «Սևրուկյան» հիմնադրամի հոգաբարձու Էրնստ-Լյուդվիգ Դրայսը ներկայացրել է նվիրատվության նախապատմությունն ու նախաձեռնության ընթացքը։ Այնուհետև Իվեթ Թաջարյանը հանդես է եկել դասախոսությամբ՝ ներկայացնելով Սևրուգին-Սևրուգյան ընտանիքի երեք սերունդների դերը հայկական և իրանական մշակույթի ու արվեստի զարգացման, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանման գործում։

Երեկոն եզրափակվել է հեղինակ-կատարող Լիլիթ Սարգսյանի և գերմանական «Տրիո 3D» խմբի (եղբայրներ Adax Dörsam, Matthias Dörsam, Franz-Jürgen Dörsam) երաժշտական ելույթներով։

Ցուցահանդեսը բաց է լինելու մեկ ամիս։