ԱԺ նախկին պատգամավոր, հատուկ հանձնարարությունների գծով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Վաշինգտոնում իշխանությունը տվել է այն ամենը, ինչ պահանջել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այդ մասին նա գրել է Տելեգրամի իր ալիքում։
«Միջանցքը չի լինելու, դուք էլ չեք վերընտրվելու»,–գրել է Մարուքյանը։
Նա հավելել է, որ իշխանության ներկայացուցիչները «խրոխտ դեմքով փորձում են համոզել մեզ, թե մինչ այդ Հայաստանից պահանջում էին արտատարածքային միջանցք, բայց մեր հմուտ իշխանությունը պայքարեց և չտրամադրեց այն»։
Մարուքյանը գրել է․ «Չի՛ լինելու արտատարածքային միջանցք, վե՛րջ, թեման փակ է », — դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։
«Մեզ մոտ միջանցք բառը ո՞ր հարցում է խնդրահարույց․ Ադրբեջանը մինչ այժմ միջանցք ասելով՝ նկատի ուներ արտատարածքային միջանցք, իսկ նախագահ Թրամփը միջանցք ասելով՝ նկատի չունի արտատարածքային միջանցք։ Ստորագրվել է փաստաթուղթ՝ հռչակագիր, որը բացառում է արտատարածքային միջանցքի գոյությունը»,- ընդգծել է Ռուբինյանը։
Ժամանակին, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, թե դեմ են միջանցքային տրամաբանությանը, Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտոնյաները պատասխանում էին, որ ձեռք բերված պայմանավորվածություններով սուվերենության կամ տարածքային ամբողջականության խնդիր անգամ չկա։
Ադրբեջանի դիրքորոշումն այն էր, որ պետք է լինի միջանցք՝ Հայաստանի ճանաչված տարածքում, սակայն առանց հայկական վերահսկողության այդ hաղորդակցության վրա, և որ միջանցքով անցնողները չպետք է առնչվեն Հայաստանի ծառայությունների և հայ սահմանապահների հետ։
Հիմա, եթե ուշադիր կարդանք Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված Հռչակագրի տեքստը, որում ԱՄՆ-ն հանդես է եկել որպես վկա, կտեսնենք, որ հայկական կողմը ամբողջությամբ ընդունել է ադրբեջանական պահանջը։ Իսկ որպեսզի դա արդարացնեն, իշխանության ներկայացուցիչները խրոխտ դեմքով փորձում են համոզել մեզ, թե մինչ այդ Հայաստանից պահանջում էին արտատարածքային միջանցք, բայց մեր հմուտ իշխանությունը պայքարեց և չտրամադրեց այն։
Սա հերթական կեղծիքն է, որն իշխանության ներկայացուցիչը հրամցնում է մեր ժողովրդին։
Վաշինգտոնում իշխանությունը տվել է այն ամենը, ինչ պահանջել է Ալիևը, ուղղակի արդեն առանց Արցախի, առանց Լաչինի միջանցքի և բացարձակապես առանց որևէ վերահսկողության, զուտ ոչ մի բանի դիմաց սառը հաշվարկով և ընդամենը մեկ նպատակով՝ փորձել վերընտրվել 2026-ին։
Միջանցքը չի’ լինելու, դուք էլ չեք վերընտրվելու»։
Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի երթուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։






