Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարվել է, որ ուղեվարձը չվճարելու համար տուգանվել է 354 քաղաքացի։ Նրանցից 227-ը երթևեկել են առանց տոմսի, 48 հոգի օգտվել են այլ անձանց՝ արտոնություն ունեցող քարտերից, իսկ 79-ը վճարումը կատարել են ուղեկցող աշխատակիցների հորդորից անմիջապես հետո։
Հայտարարվել է նաև, որ 5 տուգանք բեկանվել է, հայտնում է Radar Armenia-ն։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է մշակել բողոքարկման հստակ ընթացակարգ, որը քաղաքացիներին թույլ կտա վիճարկել տուգանքը՝ առանց դատարան դիմելու։
«Մինչ դատարան գնալը պետք է քաղաքապետարանում ունենանք որոշակի ընթացակարգ, կնայենք կոնկրետ գործը, կհասկանանք բոլոր մանրամասները, եթե պետք լինի՝ կբեկանենք։ Այսինքն՝ քաղաքացին պետք է ունենա հնարավորություն՝ տուգանքը բողոքարկելու հենց մեզ մոտ»,- նշել է Ավինյանը։
Տրանսպորտային միջոցից օգտվելիս ուղեվարձը չվճարելու համար նախատեսում է 15 հազար դրամ տուգանք։ Եթե քաղաքացին օգտվել է ոչ իր կողմից ձեռք բերված կամ արտոնություն ունեցող անձի կրիչը կրող քարտից կամ արտոնությունից ընդհանրապես, ապա այս պարագայում տուգանքը 15 հազար դրամ է, իսկ եթե ուղևորն ունի նման արտոնություն, բայց չի վավերացրել կրիչը տրանսպորտային միջոցում, այսինքն՝ տրանսպորտային միջոց բարձրանալիս ունի համապատասխան իրավունք, սակայն այդ իրավունքը չի վավերացրել, այդ դեպքում տուգանքը կլինի 3000 դրամ:






