AM
8 Սեպտեմբեր 2025 - 09:57 AMT

Կոնջորյան․ Ընդդիմությունը շարունակում է կրկնել նույն ու հին տեքստերը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ԱԺ նիստի մեկնարկին ասել է, որ ընդդիմադիր ուժերն ամառային արձակուրդների ընթացքում չեն վերանայել իրենց մոտեցումները՝ շարունակում են կրկնել նույն ու հին տեքստերը:

«Եթե հետաքրքիր է, թե ընդդիմությունn ինչպես անցկացրեց ամառային արձակուրդները, երկար մտածելու կարիք չկա, քանի որ տեսանք՝ ոչ մի նոր բան չեն սովորել մեր գործընկերները․ նույն և հին տեքստերն են»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ընդդիմությունը գտնվում է սնանկ վիճակում, հատկապես, Վաշինգտոնում օգոստոսի 8-ի տեղի ունեցած իրադարձություններից հետո, և նորից պետք է երգի «հին երգերը», հայտնում է Radar Armenia-ն։

Նա ընդգծել է, որ ընդդիմադիրներն իրենց ելույթներում անդրադառնում են անձանց, որոնք մեղադրվում են ահաբեկչության մեջ։

«Ի՞նչ կլիներ, եթե հանկարծ այդ ահաբեկչությունը իրականացվեր։ Չէր լինի օգոստոսի 8-ը, չէր նախաստորագրվի խաղաղության պայմանագիրը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հռչակագիրը։ Այսօր Հայաստանում և տարածաշրջանում խաղաղություն է, որը առավել քան իրական է»,–ասել է նա։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։