ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ քննարկման է դրել կառավարության առաջարկած օրենսդրական փաթեթը, որը վերաբերում է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու նախաձեռնությանը։
Հիմնական զեկուցողը՝ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, պարզաբանել է, որ նախագծով նախատեսվում է մի դրույթ, ըստ որի՝ ընտանեկան բռնություն գործած անձը պարտավոր է կրել էլեկտրոնային հսկողության սարք՝ ըստ նախկինում հաստատված կարգավորումների, հայտնում է 1lurer.am-ը։
«Ըստ այդմ՝ մենք այստեղ սահմանում ենք պարտավորությունը բռնարարի հանդեպ և Քրեական օրենսգրքում էլ սահմանում ենք պատասխանատվություն՝ այդ միջոցը չկիրառելու համար: Օրենքի փոփոխություններն առաջարկում ենք ուժի մեջ դնել 2026 թվականի մարտ ամսից»,- տեղեկացրել է Ղազարյանը:
Նա նշել է, որ եթե բռնարար անձը հրաժարվի կամ խուսափի կրելուց այդ հսկողության սարքը, ապա օրենքով սահմանվում է համապատասխան պատասխանատվություն։
Ըստ Արմեն Ղազարյանի՝ նման իրավախախտման դեպքում հնարավոր է նշանակել մինչև մեկ տարվա ազատազրկում։
«Քրեական օրենսգրքում է սահմանված փոփոխությունը»,- հայտնել է ՆԳ նախարարի տեղակալը։
Բացի այդ, Ղազարյանը ներկայացրել է ամփոփ վիճակագրություն 2025 թվականի առաջին հինգ ամիսների համար՝ ընդգծելով, որ ընտանեկան բռնության գործերով արձանագրվել են նախազգուշացման 234 դեպք, անհետաձգելի միջամտության 701 դեպք, ինչպես նաև հաշվառման մեջ ընդգրկված է 1917 անձ։






