Ազգային ժողովում քննարկվում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է վավերացնել «Բռնության և ոտնձգության մասին կոնվենցիան 2019 թ. (թիվ 190)»։ Հիմնական զեկուցողը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանը, նշել է, որ այս կոնվենցիան ընդունվել է դեռևս 2019 թվականին, իսկ 2021-ից արդեն ուժի մեջ է մտել։ Այսօր այն վավերացրած երկրների թիվը հասել է 50-ի։
Նրա գնահատմամբ՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության այս փաստաթուղթը ներառում է աշխատողներին և այլ շահառուներին՝ անկախ նրանից, ունեն նրանք պաշտոնական աշխատանքային պայմանագիր, թե ոչ։ Կոնվենցիայի ազդեցության ներքո են հայտնվում նաև վերապատրաստման փուլում գտնվողները՝ այդ թվում պրակտիկանտներն ու աշակերտները, ինչպես նաև աշխատանքը դադարեցրած, կամավոր, աշխատանք փնտրող կամ աշխատանքի դիմող անձինք, հայտնում է 1lurer.am-ը։
Այն տարածվում է նաև գործատուի անունից լիազորություններ իրականացնող բոլոր անձանց վրա։
Կոնվենցիան հստակ սահմանել է «բռնություն և ոտնձգություն» հասկացություններն աշխատանքային միջավայրում և ամրագրել է այն միջոցառումները, որոնք անդամ պետությունները պարտավորվում են իրականացնել՝ նման երեւույթների կանխարգելման ու վերացման նպատակով։
Փաստաթուղթը կիրառելի է պետական և մասնավոր հատվածներում, ինչպես նաև ֆորմալ և ոչ ֆորմալ տնտեսության ոլորտներում։
Նախատեսվում է, որ այն կգործի այն բոլոր դեպքերում, երբ բռնությունը կամ ոտնձգությունը տեղի է ունենում աշխատանքի ժամանակ, պայմանավորված է աշխատանքով կամ հետևանք է աշխատանքային հարաբերությունների։
Կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանը կհաստատի իր պատրաստակամությունը՝ ապահովելու աշխատողների համար անվտանգ ու առողջ միջավայր։ Փաստաթուղթը ուղղված է աշխատանքային հարաբերություններում բռնության և ոտնձգության կանխմանը, ինչը նպաստում է աշխատողների բարօրության բարձրացմանը։
Վավերացման գործընթացը կդարձնի Հայաստանը մարդու իրավունքները պաշտպանող պետություն՝ արդար և անվտանգ աշխատավայրեր ապահովելու հանձնառությամբ։ Սա կխթանի ՀՀ գործընկերային կապերը միջազգային հանրության հետ։
Փաստաթղթի ուժի մեջ մտնելը ցույց կտա, որ Հայաստանը հավատարիմ է նաև առավել խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը, որոնց շրջանում նման դեպքերի վտանգը համարվում է բարձր։
Օրենսդրության և քաղաքականության մակարդակով այս վավերացումը կնպաստի ՀՀ աշխատանքային քաղաքականության բարելավմանը՝ առավել արդյունավետ դարձնելով բռնության և ոտնձգությունների դեմ պայքարը։
Ռուբեն Սարգսյանը հավելել է, որ այս նախագիծը քննարկվել է ԱԺ գլխադասային հանձնաժողովում և ստացել է դրական եզրակացություն։






