ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի վերաբացված գործով դատավարության ժամանակ հայտարարել է, որ ներկայացված «մեղադրական եզրակացությունը քաղաքական փաստաթուղթ է»։
«Այս մեղադրական եզրակացությունը քաղաքական փաստաթուղթ է, չի գրվել իրավաբանների կողմից։ Սա քաղաքական սենյակներում է գրված, կան անհեթեթություններ», – ասել է նա, հայտնում է «Ազատությունը»։
Նա արձագանքել է դատախազության այն միջնորդությանը, որը ներկայացվել է դեռ նախորդ տարի վերսկսված դատական գործընթացում։ Միջնորդության համաձայն՝ մեղադրանքը վերաձևակերպվել է, և այժմ նրան ու իր նախկին ենթականերին վերագրվում է պաշտոնական լիազորություններն անցնելու մեղադրանք:
«Երկու շարժառիթ է նշված այս մեղադրականում. ամեն գնով պահել ցանկալի իշխանությունը, և երկրորդ՝ այն փոխանցել Սերժ Սարգսյանին․ ինձ քննիչն էլ չպատասխանեց ինչն է ցանկալի իշխանական համակարգ, նույնիսկ դիմել եմ արհեստական բանականությանը», -հայտարարել է նախկին նախագահը։
«Ես չգիտեմ` 7 տարի իրավապահ համակարգն ի՞նչ է ուզում ինձանից», – հավելել է Քոչարյանը:
Դատախազությունը, այդուհանդերձ, շարունակում է պնդել, որ Քոչարյանի արդարացման որոշումը չի դարձել վերջնական, քանի որ այն բեկանվել է Վճռաբեկ դատարանի կողմից։ Այդ փաստի հիման վրա դատախազությունը հայտարարել է, որ իրենք իրավասու են ներկայացնել նոր մեղադրանք, քանի որ դատական գործընթացը դեռ չի ավարտվել։
Ռոբերտ Քոչարյանը 2018-ին մեղադրվեց սահմանադրական կարգը տապալելու հոդվածով: Այս հոդվածը Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական, ինչից հետո գործը քննող առաջին ատյանի դատարանը արդարացրել էր պաշտոնաթող նախագահին, բայց վճռաբեկը բեկանեց այն ու ուղարկեց հետ առաջին ատյան` նոր քննության:






