AM
8 Սեպտեմբեր 2025 - 11:07 AMT

Հայաստան-Պորտուգալիա խաղի կեղծ տոմսերի դեպքով 1 անձ ձերբակալվել է

Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքի հետ կապված հնարավոր խարդախության դեպքերով ՆԳՆ ոստիկանությունում այս պահին ստացվել է 10 հաղորդում, 1 անձ ձերբակալվել է: Այդ մասին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Այս պահի դրությամբ ՆԳՆ ոստիկանությունում ստացվել է 10 հաղորդում, որոնցից 5-ը բացահայտվել է, 1 անձ ձերբակալվել է, իսկ մյուս 5 դեպքով բացահայտման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են,– նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան օգոստոսի 14-ին հայտարարել է Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերի վաճառքի մեկնարկի մասին։ Սակայն մեկնարկից ընդամենը մի քանի րոպե անց բազմաթիվ երկրպագուներ սկսել են բողոքել՝ նշելով, որ չեն կարողանում տոմս ձեռք բերել։

Որոշ ֆուտբոլասերներ գնացել են ուղղակիորեն Հանրապետական մարզադաշտի տոմսարկղ՝ հույսով, որ տեղում հնարավոր կլինի գնել տոմսեր, սակայն պարզվել է, որ այս տարվանից թղթային տարբերակով վաճառք այլևս չի իրականացվում։

Հետագայում ՀՖՖ-ն տեղեկացրել է, որ ժամը 14:00-ից կգործի հերթագրման համակարգ, սակայն շատ քաղաքացիներ նշել են, որ համակարգի գործարկումից հետո տոմսերն արդեն սպառված են եղել։

Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում սեպտեմբերի 6-ին Երևանում կայացել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը, որի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը 0։5 հաշվով պարտվել է Պորտուգալիայի հավաքականին։