«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ԱԺ-ում հայտարարել է, որ խափանման միջոցի փոփոխության երկու դատական նսիտերը ևս մեկ անգամ ցույց են տվել, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին վերագրված մեղադրանքը որևէ ձևով չի արտահայտում իրականությունը, և «իշխանության ստեղծած քարոզչական կեղծ մոտեցումները որևէ առնչություն չունեն իրականության հետ»։
Նրա խոսքով՝ երկրում «գրեթե երեք տասնյակ քաղբանտարկյալների առկայությունը հստակ ցույց է տալիս, որ գործող ռեժիմը որդեգրել է բռնատիրական մոտեցումներ»,–գրում է Panorama.am-ը։
Աբրահամյանն ընդգծել է, որ շատ քաղաքացիներ հայտնվել են քրեական հետապնդման թիրախում՝ չնայած ազատազրկման մեջ չեն գտնվում։
Նա անդրադարձել է նաև Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի փակմանը՝ գնահատելով այդ զարգացումը որպես խիստ մտահոգիչ։
«Փաստացի միակ միջազգային կազմակերպությունն էր, որը հնարավորություն ուներ այցելելու մեր հայրենակիցներին, տեղում հասկանալու նրանց վիճակը՝ առողջականից մինչև հոգեբանական»,-հայտարարեl 1 Աբրահամյանը։
Պատգամավորը շեշտել է, որ Կարմիր խաչի ներկայությունը զսպող դեր է ունեցել, այդ թվում՝ ռազմագերիների նկատմամբ բռնությունների կանխարգելման գործում։
Տիգրան Աբրահյանը հավելել է նաև, որ չնայած Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է 23 ռազմագերու ներկայությունը, իրականում խոսքը վերաբերում է մոտ ութ տասնյակ անձանց, որոնց ճակատագրով, ըստ նրա, կարող էր զբաղվել միայն Կարմիր խաչը։
Հուլիսի 9-ին, Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է։ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն) և 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (Ահաբեկչության նախապատրաստություն)։






