AM
8 Սեպտեմբեր 2025 - 14:29 AMT

Ռուբինյան․ Չենք տեսնում որևէ պատճառ, թե ինչու Թուրքիան պետք է հապաղի սահմանի բացման հարցում

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Երևանում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ հանդիպմանը քննարկվելու է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ամբողջ օրակարգը։

Նա ընդգծել է. «Գլխավոր թեման հարաբերությունների կարգավորումն է, ամբողջ գործընթացը փակ սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին է, քննարկումները հիմնականում սրա մասին են», հայտնում է Aysor.am-ը։

Նա հայտարարել է, որ Հայաստանը որևէ հիմնավոր պատճառ չի տեսնում, թե Թուրքիան պետք է հապաղի սահմանի բացման և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում, հայտնում է Արմենպրեսը։

«Ես չեմ տեսնում պատճառ, թե ինչու պիտի Թուրքիան հապաղի այս հարցում, համենայն դեպս, հայկական կողմից որևէ հապաղման խնդիր չկա։ Մենք պատրաստ ենք հենց վաղը ունենալ բաց սահմաններ և հաստատված դիվանագիտական հարաբերություններ։ Ի դեպ, բավականին վերջերս Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք, և դա նույնպես շատ նշանակալի իրադարձություն է։ Հույս ունեմ՝ Թուրքիայի հետ նույնպես նման քայլի կգնանք»,-ընդգծել է Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ երբ առկա է քաղաքական կամք, գործընթացը կարող է իրականություն դառնալ կարճ ժամանակում։

«Մեր կողմից այդ կամքը միանշանակ կա, և համոզված եմ, որ կարճ ժամանակում հնարավոր է հասնել մեծ արդյունքների»,- հավելել է նա։

Նա կրկին շեշտել է, որ Հայաստանը շարունակում է երկխոսությունը՝ առանց որևէ նախապայմանի։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ գործընթացը ընթանում է առանց նախապայմանների։ Մենք էլ մեր կողմից որևէ նախապայման չունենք և կարծում ենք, որ շատ արագ հնարավոր է ունենալ բաց սահման և հաստատված դիվանագիտական հարաբերություններ։ Այդ ուղղությամբ աշխատելու ենք»,- եզրափակել է Ռուբինյանը։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը: Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

ատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպումը կայացել է ապրիլի 11-13-ը Անթալիայում անցկացվող դիվանագիտական համաժողովի ընթացքում։ ՀՀ–ից մասնակցել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։