AM
8 Սեպտեմբեր 2025 - 14:40 AMT

Նաիրի Սարգսյան․ Կմասկացենք ընտրություններին՝ իշխանությանը պետք է օր առաջ հեռացնել

«Հայաստանը ես եմ» քաղաքական-հասարակական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանն հայտարարել է, որ նախաձեռնությունը մասնակցելու է 2026–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

«Պետք է ջանք չխնայել և օր առաջ ազատվել Հայաստանի հիմքերը խարխլող, Հայաստանի տակ ամենօրյա ռեժիմով բոմբեր տեղադրող իշխանությունից»,- ասել է նա ասուլիսում, հայտնում է Panorama.am-ը։

Նա հավելել է, որ առաջիկա քաղաքական ծրագրի և մասնակցության ձևաչափի վերաբերյալ անպայման կհայտարարեն։ Նա նշել է, որ պատրաստ են համագործակցել բոլոր այն ուժերի և անհատների հետ, որոնք գաղափարապես հակադրվում են ներկայիս իշխանությանը և կիսում են իրենց արժեքային համակարգը։

«Կհամագործակցենք բոլոր այն մարդկանց հետ, որոնց ծրագրերը, գաղափարները, արժեհամակարգը մոտ է մեր արժեհամակարգին, գաղափարներին, ծրագրին, որոնց իրական նպատակը Հայաստանին այս չարիքը բերած, Հայաստանի տակ ամենօրյա ռեժիմով ռումբեր տեղադրող իշխանությանը հեռացնելն է»,- ասել է Սարգսյանը։

Նա նաև ընդգծել է, որ իրենց ուժի ետևում որևէ արտաքին պետություն կանգնած չէ՝ լինի դա Ռուսաստան կամ Արևմուտք, և իրենց ամբողջ գործունեությունն ուղղված է բացառապես Հայաստանի շահերի սպասարկմանը։

«Մեզ համար գերական Հայաստանի շահն է, մենք այդ շահի գիտակցումով ենք առաջնորդվում, մեր ռազմավարական համագործակցությունները, հետագա գործողությունները նրանց հետ պատկերացնում ենք միայն Հայաստանի պետական շահի հետ համադրելով։ Չունենք ուղղվածություն՝ Ռուսասատան, թե Արևմուտք, մեծ հաշվով Հայաստանում արդեն Թուրքիայի ազդեցությունն է շատ ավելի ուժեղացել։ Հայաստանի շահը խորը գիտակցելով՝ պետք է գնանք լուծումների իրականացմանը»,–ասել է գործիչը։

Սարգսյանը նշել է, որ նախաձեռնության անդամներն ամենօրյա ռեժիմով շարունակելու են իրենց հասարակական գործունեությունը, սակայն համոզված են՝ երկրին անհրաժեշտ են քաղաքական լուծումներ։

Բացի այդ, Նաիրի Սարգսյանը հստակեցրել է, որ իրենց նախաձեռնությունը կուսակցության չի վերածվելու և նման ձգտում չունի։

«Զբաղվում ենք քաղաքական գործունեությամբ։ Մենք պատկերացում ենք Հայաստանի վերականգնումը պրոֆեսիոնալ և տեխնոկրատ կառավարության եղանակով, շատ հաճախ պրոֆեսիոնալներն ու տեխնոկրատները չեն ցանկանում կուսակցության անդամ լինել։ Կուսակցությունը մեր գործունեության համար շատ խորթ է, և մենք նախընտրել ենք որպես դրա իրացման գործիք դաշինքի ձևավորումը»,- ասել է նախաձեռնության ղեկավարը։