AM
8 Սեպտեմբեր 2025 - 14:48 AMT

Արմավիրում 12 մարդ է թունավորվել սննդից․ 8–ը հոսպիտալացվել է

Արմավիրի «Արմավիր Գարդեն» հանրային սննդի վայրում սնվելուց հետո 12 քաղաքացի սննդային թունավորում է ստացել։

Սեպտեմբերի 8-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային մասնաճյուղից ահազանգ է ստացվել, որ Արմավիրի բժշկական կենտրոն են ընդունվել երկու քաղաքացի՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ:

Տեսչական մարմնի Արմավիրի կենտրոնի տեսուչների կողմից շտապ ձեռնարկված վերահսկողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այդ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է Արմավիր քաղաքի «Արմավիր Գարդեն» հանրային սննդի կետում սնկապուր ուտելուց հետո: Ավելի ուշ պարզվել է, որ բժշկական օգնության է դիմել ևս 10 քաղաքացի, որոնք նույն՝ «Արմավիր Գարդեն», հանրային սննդի օբյեկտում կերել են հավի թևիկներ, հավով աղցան և հավով պիցցա:

Ձեռնարկվել են ահապաղ միջոցառումներ օբյեկտում առկա սննդամթերքից նմուշառում կատարելու և լաբորատոր փորձաքննության ներկայացնելու նպատակով։

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ սննդային թունավորման պատճառով Արմավիրի բժշկական կենտրոն դիմած 12 քաղաքացիներից 8–ը հոսպիտալացվել է։

«Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մարզային բժշկական կենտրոնում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,- ասված է հաղորդագրությունում։